Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս, որ ես չեմ կարող կոռուպցիոն դրսևորման մասնակից լինեմ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և շրջանառվող լուրերին, թե իբր տեսանյութ կա՝ կաշառք է վերցնում։
«Որ լրատվամիջոցը ցույց տա տեսանյութ, որ ես կաշառք եմ վերցնում, էքսկլյուզիվ իրենց լրատվամիջոցում ձեռքս կկտրեմ։ Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է և արվում է նրա համար, քանի որ տեսնում են՝ կան ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր որևէ ձևով չեն հավատում, որ կարող է լինել, որ ես որևէ ձևով կապ ունենամ կոռուպցիոն դրսևորման հետ, մասնակիցը լինեմ։ Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ։ Ես անձամբ սովոր եմ այդ վիճակներին: Բայց ես վստահ եմ, որ նման տեսանյութ չկա ու չի կարող լինել»,- շեշտեց Սանասարյանը։
ՊՎԾ պետը նշեց, որ մեղադրանքը հիմքեր չունի և այն կասեցնելուց զատ այլընտրանք չունի․ «Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։ Եթե այդպես գնաց, ուրեմն իրավական դաշտը մաքրելու բավականին լուրջ պայքար է սկսվելու նոր Հայաստանում, ես վստահեցնում եմ դա»։
Սանասարյանը նաև հերքեց իր անփորձ լինելու մասին լուրերը․ «Ինձ ասում են՝ երևի անփորձություն է արել։ Սիրելի՛ ժողովուրդ, դատախազության հարուցած գործը հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված, լրիվ հակառակի մասին է խոսում։ Երբ որ ինձ ներկայացվել են հիմնավոր փաստեր, որ այս հիվանդանոցներում կա մոնոպոլիա, որ տարիներ շարունակ «Գնումների մասին» օրենքը խախտումներով է անցկացվել, բնականաբար, ես ի պաշտոնե, այլ բան անել, քան պահանջել, որ դաշտը ազատականացվի, չէի կարող։ Ես արել եմ իմ գործը։ Այստեղ որևիցե անփորձություն չկա։ Ցավոք, չեմ կարող ավելի մանրամասների մասին խոսել»։