Ազգային ժողովի մոտ ցմահ ազատազրկվածների հարազատները պահանջում են, որ համաներման օրենքը տարածվի նաև նրանց վրա:
Ցույցի մասնակիցներից Արմեն Աղայանը լրագրողներին ասաց, որ իրենց նպատակն այն է, որ ցմահ ազատազրկվածներին վերադարձնեն այն ներման իրավունքը, որը տեսականորեն կա, բայց երբեք չի գործել Հայաստանում:
«Այսօր բավականին մեծ խնդիրներ են կուտակվել, ցմահ ազատազրկվածներ կան, ովքեր հանցանքը գործել են մինչև 20-21 տարեկանը, նրանք պետք է, բնականաբար, ներման իրավունք ունենան, որովհետև երիտասարդ տարիքում են արել այն, ինչի համար դատապարտվել են: Մենք ուզում ենք, որ օրենքի նախագծի մեջ կատարվեն համապատասխան փոփոխություններ, որպեսզի համաներումը տարածվի ցմահ ազատազրկվածներից մի քանի կատեգորիայի վրա»,- նշեց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցներին լսելու իջավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով ցուցարարներին խնդրեց իր անունով մուտք անել բոլորի անունները, հեռախոսահամարները և գործերի մասին տվյալներ: Պատգամավորն ասաց, որ ինքն անհատական բոլոր նյութերը կքննարկի նախարարի հետ, որովհետև ընդհանուր բոլոր ցմահ ազատազրկվածների վրա համաներում չի կարող կիրառվել:
Ցուցարարները նշեցին, որ իրենք չեն էլ պահանջում համաներում բոլորի դեպքերով: Իրենք արդեն առանձնացրել են մի քանի կատեգորիաներ, որոնք, իրենց կարծիքով, համաներման իրավունք ունեն. «Օրինակ՝ մարդիկ կան, ովքեր մինչև 21 տարեկանն են հանցանքը կատարել, մարդիկ էլ կան, ովքեր հին օրենսգրքի օրոք մահապատժի են դատապարտվել, բայց եթե օրենքը փոխվեր, նոր օրենքով լիներ, ինքը ցմահ չէր դատապարտվի՝ 18 կամ 20 տարի կլիներ, և կան հաշմանդամություն ունեցողներ, ովքեր շատ վատ վիճակում են»: