ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն «Այո»-ի քարոզարշավ դեռ չի սկսել: Araratnews.am-ին այս մասին հայտնեց մարզպետը. «Երբ ընդհանուր աշխատանքների համակարգում կլինի, այդ ժամանակ էլ կսկսենք»:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը:
Մարզպետից հետաքրքրվեցինք՝ իր ղեկավարած մարզում մարդիկ դե՞մ են, թե՞ կողմ Սահմանադրական փոփոխություններին. «Վերջնական արդյունքները ցույց կտան՝ մարդիկ կո՞ղմ են, թե՞ դեմ Սահմանադրական փոփոխություններին»:
Շարունակեցինք հարցը՝ գյուղապետերի հետ զրուցե՞լ է այդ մասին. «Ո´չ, ո´չ, ո´չ»,- եղավ պատասխանը:
Մեր հաջորդ հարցին՝ այսինքն՝ ընդհանրապես տեղյակ չի՞, թե մարզում մարդկանց տրամադրվածությունն ինչպիսին է Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, ասաց. «Ո՞նց տեղյակ չեմ, ինչպե՞ս կարող է մարզպետը տեղյակ չլինել»:
Դիտարկմանը, որ գյուղացիներից շատերն են դեմ Սահմանադրական փոփոխություններին, վրդովվեց. «Չե՛մ հավատում Ձեր ասածին, Դուք մարզում չեք եղել, նման բան չի կարող լինել, Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին»:
Մարդիկ դժգոհ են իշխանություններից, մտահոգություններ չունի՞, որ հանրաքվեին էլ «ոչ» կասեն», մեր այս հարցն էլ ավելի զարմացրեց Արագածոտի մարզպետին. «Այնքան աշխատանք է կատարվել այս տարիների ընթացքում՝ ինչպե՞ս կարող են մարդիկ դժգոհել իշխանություններից, դուք այդպե՞ս եք մտածում: Ես եմ այս մարզում ապրում, դուք ասում եք՝ մարդիկ դժգոհում են, չկա նման բան: Եկեք գնանք, տեսնենք՝ ո՞վ է դժգոհում»:
Արագածոտնի մարզպետը համոզված է՝ հանրաքվեն անցնելու է ազատ, արդար եւ թափանցիկ. «Մեզ մոտ ընտրությունները, առավելեւս վերջին նախագահական ընտրությունները, ցույց տվեցին, որ այն շա՛տ, արդար, շա՛տ թափանցիկ, շա՛տ ազնիվ պայքարում անցավ»: