տուն Լուրեր Ոչ մի թիզ հող չենք տալու թշնամուն. ես պատրաստ եմ գնալ սահման

Ոչ մի թիզ հող չենք տալու թշնամուն. ես պատրաստ եմ գնալ սահման

98
0

Pepanyan

«Մեզ մոտ կա կեղծ հերոսականության մարմաջ, այն ժամանակ կեղծ հերոսանում էին՝ իշխանություններին հայհոյելով, և այդ հայհոյանքը գործողության չվերածելով, հետո սկսեցին կեղծ հերոսանալ, ապրիլյան հերոսամարտից հետո գնալ սահման, գնալ Արցախ՝ զինվորական շորերով նկարվել, հերոս երևալ: Հիմա, երբ «օդում խոսում են», թե հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն, շատերը նորից մտնում են այդ կեղծ հերոսացման փուլ, կուրծք են ծեծում, որ ոչ մի թիզ հող չեն տա թշնամուն»,- այսպես սկսեց իր խոսքը Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը՝ պատասխանելով araratnews.am-ի հարցին՝ արդյոք ճիշտ է գրավված տարածքները հակառակորդին ետ վերադարձնելը, երբ այսքան տարի մեր զինվորների կյանքի գնով պահել ենք այն:

«Ես մի առաջարկ ունեմ՝ նրան ովքեր հայտարարում են, թե ոչ մի թիզ հող չենք զիջելու, պետք է դիմեն ՊՆ, որ իրենք պատրաստ են առնվազն 3 ամսով գնալ սահման՝ հողը պաշտպանելու:

Եվ հիմա, եթե ես ասում եմ՝ ոչ մի թիզ հող չենք տալու թշնամուն, խոսքիս տերը լինելով՝ ես պատրաստ եմ (ոչինչ, որ 60 տարեկան եմ դառնում) առնվազն երեք ամսով գնալ սահման՝ հայրենիքս պաշտպանելու. չստացվի, որ ինչ-որ  փափուկ տեղերից ճառեր եմ ասում»,- նշեց Պեպանյանը։

Մեր հարցին, թե արդյոք այդ տարածքները վերադարձնելուց հետո «վերեւներում չեն գիտակցում, որ դրանով ավելի են մոտեցնում թշնամու սահմանը մեր հայրենիքին՝ դրանով այն դարձնելով ավելի հեշտ խոցելի՝ քաղաքագետը պատասխանեց. «Եթե կյանքիդ նպատակը երկար ապրելն է, և դու դրանից դուրս էլ ոչ մի նպատակ չունես քո առաջ, ուրեմն այդ մարդկանց համար դա լավ է: Իրենք մտածում են՝ մի կտոր տանք, այս վերջին 10 տարին էլ խաղաղ ապրենք, մեր երեխաներն էլ խաղաղ ապրեն:

Իսկ եթե կյանքիդ նպատակը հայրենիքիդ փառքը, քո կորուստները ետ բերելն է, այդ դեպքում քեզ խաղաղություն պետք չէ»,-նշեց պարոն Պեպանյանը և հավելեց, որ թշնամու ուզած տարածքները հայերինն են, դրանք հայկական անուններ են ունեցել.«Այդ տարածքները արյուն թափելով հետ ենք բերել: Մենք թույլ ենք եղել, աշխարհը խառնված է եղել, այդ տարածքներն ինչ-որ բաժանել են իրար մեջ՝ նպատակ ունենալով, որ հանկարծ հայերը կարգին հայրենիք չունենան ու ոտքի չկանգնեն: Հիմա այս սերնդի նպատակն այդ թերացումը շտկելն է:  Ինձ համար ազգի արժանապատվությունն ավելին է, քան ազգի գոյությունը»:

Արծրուն Պեպանյանը միակ լուծումը տեսնում է ամբողջ հայերի համախմբվածության մեջ. «Մենք պետք է աշխարհի հայությանը ոտքի հանենք, միաբանվենք, իսկ մենք այդ ռեսուրսն ունենք՝ մարդկային եւ ֆինանսական, շատ երկրներում ունենք համայնքներ, եթե նրանք ներգրավվեն այդ պետությունների կառավարման մեջ, իրենց լոբբին օգտագործեն, գտնենք նաեւ դաշնակիցներ, ու այդ դեպքում կկարողանանք այս խնդիրը պատվով լուծել։

Տարածքային զիջումներ անելն արդեն անպատվաբեր է, հետո էլ դա երաշխիք չէ. շատ ենք զիջել, էլ տեղ չկա։ Պետք է մտածենք այն մնացած հողերը հետ բերելու և պահելու մասին, այլապես մեր այս սերունդների ապրելն ընդհանրապես իմաստ չունի:  Այդ դեպքում մենք կկարողանանք մեր խնդիրը լուծել ու պատվով դուրս գալ էս հարցի տակից»: