Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ու դրա հարուցած տարակարծությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Razm.info մասնագիտացված կայքէջի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով՝ զորահանդեսը դեռ փորձերի օրերից բավականին աղմուկ բարձրացրեց թե Հայաստանում և թե հարևան երկրներում. «Զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի ցուցադրությունը ոչ միայն Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց, այլ նաև Վրաստանում և ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ Ադրբեջանը զորահանդեսից հետո ակտիվորեն սկսեց ապացուցել, որ ինքն էլ հետ չի մնում սպառազինությունների մրցավազքում: Նրանք սկսեցին հայտարարություններ անել ինչ-որ գնումների մասին, հապճեպ զորավարժություններ անցկացրին: Բայց հետաքրքիր է, որ զորավարժություններից հրապարակված լուսանկարներից մեկն իրականում արվել էր 2014 թվականի զորավարժությունից»:
Վրթանեսյանը նաև նշեց, թե քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր հարևաններն են, զենք ձեռք բերելու գործընթացը միշտ շարունակվելու է. «Պետք է հասկանալ, որ ոչ մի գնում, ոչ մի սպառազինություն ընդմիշտ չի փոխելու իրավիճակը հօգուտ մեզ, չի լինելու այնպես, որ մենք ինչ-որ քայլ անենք ու մի 100 տարի Ադրբեջանի ու Թուրքիայի մասին չմտածենք: Միշտ էլ մրցակցություն լինելու է, ու մենք պետք է զգոն լինենք ու նոր քայլեր ձեռնարկենք»: