Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրականացվող ռազմական գործողությունների, ստեղծված իրավիճակի և մարտահրավերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հետախույզ Գևորգ Գևորգյանը.«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ադրբեջանական զինված ուժերը, անկախ իրենց ռազմական հնարավորություններից, իրականում իրենք բավականին հեռու են իրենց նպատակները իրականացնելուց, որովհետև մեր զինված ուժերը, մեր պաշտպանության բանակն ամուր կանգնած են մեր սահմաները պահելու համար, և ինչ գործողություններ էլ անեն, ինչ տրամաչափի զենք էլ փորձեն օգտագործել՝ մեր սահմանները ամուր պաշտպանված են»:
Պարոն Գևորգյանը նաև խոսեց պատերազմական գործողությունների հնարավոր երկրորդ փուլի մասին և հավելեց, որ ներկա պահին էլ հակառակորդը հանգիստ չի մնում իր դիրքերում.«Շատ դժվար է ասելը, թե իրենք երբ են նպատակային գտնում նորից հարձակվելը, որովհետև իրենց մոտ բավականին մեծ քաոս է տիրում: Իրենք իրենց քարոզչության մեխանիզմները օգտագործում են ժողովրդին թունավորելով և խեղաթյուրելով ամբողջ տեղեկատվությունը և մարտական գործողությունների հրահրելով: Բայց, ամեն դեպքում այս չորս օրերը ցույց տվեցին, որ իրենք բավականին հեռու են մարտական գործողություններից: Իրենք միշտ փորձել են հարձակվել ու գրավել, իսկ մենք ագրեսիվ չենք եղել, բայց արժանի հակահարված տվող ենք եղել: Իրենց գործողությունները ձախողվել են, որովհետև մենք մեկ քայլ ետ գնալու տեղ չունենք, մենք մեր հողերում ենք»:
Մյուս բանախոս, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն էլ անդրադառնալով մեզ ուղված մարտահրավերներին՝ նշեց.«Այս մարտահրավերը նոր չէ: Թուրքը՝ լինի ադրբեջանցի, թե թուրք, միշտ ձգտել են հայ ժողովրդին ճնշել ու աշխարհի երեսից ընդհանրապես հանել, դրանք են մեր դեմ դրված խնդիրներն ու մարտահրավերները: Ես կարծում եմ, որ մեր բանակը Արցախի սահմաններում իր գործը կատարում է, ու թուրքին պետք եկած պատասխանը տալիս է»:
Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներ հետ վերադարձնելուն՝ հրամանատարը նշեց.«Մենք պայքարում ենք մեր հայրենիքի տարածքները ազատագրելու համար: Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, ոչ մի սմ հող տալուն չպետք է պատրաստ լինենք: Թուրքին, որ հարցնում են՝ որտեղ է քո սահմանը, ասում է՝ որտեղ թուրքի ոտքը դրվել է: Իսկ հիմա ես կասեմ՝ որտեղ մեր զինվորի ոտքն է դրվել, արյունը կա, ինքը կա, դա մեր սահմաններն են»: