Գյումրիում այսօր ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրու Կույումջյանի անվան 21-րդ դպրոցում մահացել է դպրոցի աշակերտ 11-ամյա Սարգիս Տիգրանյանը: Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ Սարգիս Տիգրանյանը սովորում էր հինգերորդ դասարանում:
«Նստած տեղը երեխայի մոտ ուշագնացություն եղավ, ընկավ ներքեւ, մինչեւ հասանք, առաջին բուժօգնություն, շտապօգնությունը շատ շուտ եկավ, արհեստական շնչառություն տվեցին, ամեն ինչ արեցին, մինչեւ հասցրեցին հիվանդանոց…»,- պատմեց դպրոցի տնօրենը, հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ:
«Դասը նոր էր սկսվել, իրանք նստած էին, ուսուցիչը մատյանն էր լրացնում: Երեխաները ներկա են եղել, տեսուչը դպրոցում շրջում է»,- ասաց Հասմիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ երեխան նախկինում առողջական խնդիրներից չի դժգոհել: Ըստ նրա` ծնողները մինչեւ հիմա էլ պնդում են, որ երեխան խնդիրներ չունի: Հիմա սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:
«Ոչ էդտեղ իշուկ է եղել, ոչ ձիուկ, որ վրայից թռնի` գլուխը պատին կպնի կամ պարանով է մագլցել, նստած տեղն է եղել»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:
11-ամյա Սարգիս Տիգրանյանի փոքր քույրը եւս նույն դպրոցում է սովորում՝ առաջին դասարանում: Դպրոցի տնօրենի խոսքով` Տիգրանյանները սոցիալապես ապահովված էին:
Սակայն, ըստ Tsayg.am-ի տղան վազելիս է եղել` վատ է զգացել և նստելուց հետո կորցրել է գիտակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Փայլակ Ֆահրադյան