Այսօր տեղի ունեցավ Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որին մասնակցում էին ՌԴ նախագահի միջազգային ու մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ԱԺ պատգամավորներ և արվեստի ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց Մ. Շվիդկոյին, թե՝ եթե այդքան եղբարական ու ամուր են հայ-ռուսական հարաբերությունները և Ռուսաստանի համար կարևոր է պահպանել դրանք, ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Ինչպես նաև անդրադարձավ հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հանգամանքներին ու պատշաճ բուժում չստանալուն:
Քոքոբելյանի հարցին ի պատասխան՝ Միխայիլ Շվիդկոյը պատասխանեց.
«Ես հիմա կարող էի ասել, որ Ձեր ուղղած հարցերն իմ ոլորտին չեն վերաբերում, բայց այդպես չի լինի: Իսկ դուք ուզում էիք, որ Ադրբեջանը Ամերիկայի՞ց զենք գներ: Հայաստանի ու Ռուսաստանի միջև հզոր ռազմավարական հարաբերություններ են ու դրանց շնորհիվ է, որ Հայոց Բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է»:
Իսկ Լևոն Հայրապետյանի հարցի շուրջ Շվիդկոյը հավաստիացրեց, որ նրա ձերբակալությունը բոլորովին պայմանավորված չէ նրա՝ հայ լինելու հանգամանքի հետ: