Այսօր ժամը 17.30-ին Ազգային ժողովում պետք է մեկնարկեին 4+4+4 ձեւաչափով բանակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ:
Հանդիպումը, սակայն, չէր մեկնարկում, որովհետեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները հրաժարվում էին Ազգային ժողովի անցագրային կետում թողնել իրենց անձնագրերը, ինչը սահմանված է համապատասխան ընթացակարգով:
Շուրջ 10 րոպե հ/կ-ների ներկայացուցիչների հետ բանակցում էր Լեւոն Զուրաբյանը` համոզելով, որ թողնեն անձնագրերը եւ շենք մտնեն` նշելով, որ ավելի կարեւոր բաներ կան անելու:
Զուրաբյանը հեռախոսը փոխանցեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որը նույնպես բացատրում էր, որ կարգն է այդպես, այլ կերպ շենք մուտք գործել հնարավոր չէ:
Մոտ 20 րոպե սպասելուց հետո Դավիթ Հարությունյանը սրտնեղեց, որ պարապ չեն, գործեր ունեն, երբ որ կհավաքվեն, կգան, կքննարկեն ու հեռացավ: Դավիթ Հարությունյանին հետեւեց Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, արդարադատության նախարար Արփիրնե Հովհաննիսյանը, դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ՕԵԿ-ի ներկայացուցիչները:
Լեւոն Զուրաբյանն իջավ ԱԺ անցագրային կետ` հասարակական սեկտորի ներկայացուցիչներին անձամբ բերելու:
Նաիրա Զոհրաբյանը տեղի ունեցածը որակեց որպես սաբոտաժ հ/կ-ների ներկայացուցիչների կողմից:
Ի դեպ, «Ժառանգությունից» բանակցություններին ոչ ոք չի ներկայացել:
Բանակցություները սկսվեցին 45 րոպե ուշացումով 3+4+6 ձևաչափով: