տուն Լուրեր Ուսանողների դասադուլն ուղղորդված է. ԵՊՀ ռեկտոր

Ուսանողների դասադուլն ուղղորդված է. ԵՊՀ ռեկտոր

169
0

Արամ Սիմոնյան

Արդեն 3-րդ օրն է, որ տարբեր բուհերի ուսանողները շարունակում են դասադուլն ընդդեմ տարկետման իրավունքի վերացման: Երեկ  ուսանողները հանդիպել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ի՞նչ է մտածում այս մասին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. պարզեց Araratnews.am-ը:

Պարո՛ն Սիմոնյան, ի՞նչ կարծիք ունեք  ուսանողների բողոքի ակցիայի եւ դասադուլի մասին: Չի բացառվում՝ դասադուլը  տեւական ժամանակ շարունակվի:  

Մի քիչ համբերե՛ք, ռեկտորատի կարծիքը  մի քանի ժամից պարզ կլինի:

Ըստ Ձեզ՝ այս դասադուլն արդյունք կտա՞, ուսանողներն իրենց նպատակին կհասնե՞ն: 

Ես կարծում եմ՝ ուսանողների այդ պահանջն արդարացի չէ:

Կարծիք կա, որ  բողոքն ուղղորդված է: Համամի՞տ եք:

Այո՛:

Ո՞ւմ կողմից:

«Ելքից» մարդիկ կան էստեղ (հավանաբար, նկատի ունի ԱԺ  «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին.-հեղ.): Հստակ երեւում է, որ ուղղորդված է, եւ դասադուլը  շահարկվում է  քաղաքական նպատակներով:

Բայց  լուրեր կան, որ այս բողոքը նաև վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից էլ է հրահրված:

Ես այդպիսի բաներից տեղյակ չեմ: Ուղղակի գիտեմ, որ այսպես կոչված լիբերալներից մեկը «Ելքից» է  (նկատի ունի «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանին), մյուսը՝ նրա օգնականը:

Դուք համարում եք, որ երկու մարդ կարող է ամբողջ ուսանողությանն ուղղորդե՞լ:

Ամբողջ ուսանողությանն իր հետեւից  ոչ ոք չի կարող տանել: Ընդամենը 120-150  ուսանող է տարբեր բուհերից: Մեծամասնությունը ԵՊՀ-ից է:

Չե՞ք կարծում, որ սա ներիշխանական պայքար է…

Չէ՛, այդպես չեմ կարծում: Մնացած բոլոր խնդիրներով դիմեք մեր լրատվականին:

ԱԱԾ-ը ձեզ  ու  ԵՊՀ-ի դեկանների հետ ի՞նչ  է խոսել այս ակցիայի մասին: Տեղեկություներ կան, որ…

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԱԱԾ-ից ոչ մեկը ինձ հետ  ոչինչ չի խոսել:  Դրանք ստահոդ լուրեր են:

Հավանակա՞ն է, որ   ուսանողների այս ակցիան վերածվի ներքաղաքական գործընթացի:

Հուսամ՝ այդպիսի բաներ չեն լինի, չնայած մարդիկ կան, որ ուզում  են այդպես լինի:

Սոնա Դավթյան