տուն Լուրեր «Սովորիր պաշտպանվել». ուսանողների առաջարկները պատրաստ են

«Սովորիր պաշտպանվել». ուսանողների առաջարկները պատրաստ են

160
0

Նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան քննարկումներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը, որը, հիշեցնենք, տեւեց ավելի քան չորս ժամ, որոշում կայացվեց երկշաբաթյա դադար վերցնել, որպեսզի ուսանողների կողմից մշակվեն առաջարկություններ, որոնք ներկայացվելու էին ՊՆ-ին եւ ԿԳՆ-ին կից ստեղծվելիք աշխատանքային խմբին: Կլոր սեղան-քննարկումից անցել է մեկ շաբաթ, սակայն թե աշխատանքային խումբ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, ուսանողները տեղյակ չեն: Այս մասին Araratnews.am-ին  ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: «Աշխատանքային խմբի ստեղծման մասին մենք տեղեկատվություն չունենք: Կլոր սեղան-քննարկումից հետո մենք իրանց հետ չենք հանդիպել, մենք հիմա մեր երկու առաջարկությունների վրա ենք աշխատում, փորձում ենք դրանք հանրայնացնել»,- ասաց Դավիթը: Տեղեկություններ  չկան, թե ովքե՛ր են լինելու աշխատանքային խմբում:

Նախաձեռնության անդամների առաջին առաջարկությունը վերաբերում է 5-րդ կետին` ի՞նչ չափանիշներ եւ հայտանիշներ պետք է լինեն, եւ ի՞նչ կարգով պետք է ընտրվեն այն մարդիկ, ովքեր ստանալու են տարկետում:  «Առաջարկությունների մեջ հատուկ մաս ենք մտցրել, որը վերաբերում է հիմա սովորողին: Մյուս առաջարկությունը` «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին զուգահեռ նոր առաջարկություն ենք որոշել, կոչվում է` «Սովորիր պաշտպանվել»:  Սա, ըստ Դավիթ Պետրոսյանի, մեկտեղում է ե՛ւ կրթությունը, ե՛ւ ծառայությունը:  Այս ամենը կքննարկվի առաջիկայում նախատեսվելիք հանրային քննարկումների ժամանակ:

Դավիթ Պետրոսյանն ասաց, թե բազմաթիվ զինվորականներ են տեսել նրանց նախագիծը եւ հավանություն են տվել: Իրենց առաջարկությունը կներկայացնեն աշխատանքային խմբին, եւ, կախված արձագանքից, կորոշեն հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերը քննարկելու համար ԱԺ-ում հրավիրվել էր  կլոր սեղան-քննարկում։

Իսկ ավելի վաղ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամները դասադուլից բացի հացադուլ էին հայտարարել, ովքեր փակվել էին ԵՊՀ լսարաններից մեկում: Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, և հացադուլը շարունակում էր 4 ուսանող:

Նոյեմբերի 15-ին, սակայն, ուսանողներն ու խորհրդարանը պայմանավորվել էին կլոր սեղան անցկացնել` տարկետման հարցը քննարկելու համար։ Հանդիպումից հետո հայտարարվեց, որ ուսանողները դադարեցնում են դասադուլն ու հացադուլը։

Նշենք նաև, որ 120 գիտաշխատող և դասախոս հանդես էին եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժմանը:

Փայլակ Ֆահրադյան