«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպել է ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ դասընթաց անցած ուսանողների հետ:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների առաջադրած առաջնային խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթության արդյունավետությանը: Ուսանողները մեծամասամբ մատնանշել են մոտիվացիայի և պրակտիկ հմտությունների պակասը`նշելով, որ տեսական սովորածը մեկ անգամ գործնականում կիրառելը թե՛ ամրապնդում է գիտելիքները, թե՛ մոտիվացնում ուսանողին:
Ուսանողները ներկայացրել են նաև, թե ինչ է տվել իրենց մասնակցությունը «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին և ՈԱԱԿ-ի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումին:
Նշենք, որ քննարկումների արդյունքում վեր կհանվի ուսանողների մեծամասնությանը հուզող արդիական թեմա, որը կուսումնասիրվի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում, այնուհետև հետազոտության արդյունքների հիման վրա լուծման հնարավոր տարբերակներ կմշակվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն ՈԱԱԿ-ին և բուհերին:
Ավելի վաղ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում հարցումներ են իրականացվել ուսանողների շրջանում`պարզելու բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները, ինչպես նաև հարցումներ դասախոսների և ուսանողների շրջանում`հասկանալու ուսանողի սովորելու մոտիվացիայի անկմանը և աճին նպաստող գործոնները: