տուն Լուրեր Ուսանողները նախընտրում են ներբուհական խնդիրները լուծել ԿԳ նախարարության միջնորդությամբ

Ուսանողները նախընտրում են ներբուհական խնդիրները լուծել ԿԳ նախարարության միջնորդությամբ

104
0

56535

Առաջին անգամ Հայաստանում ազգային հետազոտություն է անցկացվել պարզելու համար հայ ուսանողի կերպարը: Հետազոտությունն իրականացվել է IPSC հետազոտական ընկերության կողմից: Այն նաև միտված է եղել պարզելու, թե որքանով է իրեն արդարացրել Բոլոնյան գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետազոտության արդյունքներն ամփոփեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու IPSC հետազոտական ընկերության  վերլուծաբան, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը:

Հետազոտությանը մասնկացել է Երևանի պետական բուհերի 1221 ուսանող: Համեմատականներ անցկացնելու համար ընկերությունը 2015 թվականի հարցման արդյունքները համադրել է 2013 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման արդյունքների հետ:

Այսպես, հարցումները ցույց են տվել, որ ուսանողների 41 %-ը բավարար չափով տեղյակ է եղել բոլոնյան համակարգից, մինչդեռ 2013 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ ոըւսանողների 32 %-ը  միայն պատկերացում ունի համակարգի մասին:

Ինչպես գիտենք բոլոնյան համակարգի հանգուցային կետերից մեկը կրեդիտային համակարգն է: Ինչպես այս տարվա հարցման ը,  2013-ին նույնպես կրեդիտային հաակարգի մասին պատկերացում է ունեցել  ուսանողների 73 %-ը: Սամվել Մանուկյանի խոսքով՝ ուսման տարիներին համակարգի մասին տեղեկատվությունը բարձրանում է:

«Առաջին հայտով իրենց ուզած բաժինն ընդունված ուսանողների 70 %-ը նշել է, որ ինքը ցանկանում է նույն մասնագիտությամբ սովորել, իսկ 30-%-ը՝  գոհ չէ մասնագիտությունից: Սա էապես ազդում է սովորելու մոտիվացիայի վրա: Մինչդեռ լավ է, որ ուսանողների 70 %-ի մոտ նկատվում է սովորելու մոտիվացիա:  Որքան այս տոսկոսը բարձրանա, այնքան ուսման որակը ևս բարելավվելու է»,-ընդգծեց սոցիոլոգը:

Անդրադառնալով դասախոսության ձևին՝ հարցվողների 70 %-ը գերադասում է, որ դասախոսը թելադրի և պատմի դասը միաժամանակ, որը բանախոսի գնահատմամբ՝ նվազեցնում է կրթության արդյունավետությունը: Ինչ վերաբերում է մասնագիտական առարկներին, ապա հարցվածների շուրջ 50 %-ը որպես մասնագիտական գրականության աղբյուր է օգտագործում դասախոսությունները կամ սղագրությունները: Պատասխանողների այս խումբը չի օգտվում առարկային վերաբերող  դասագրքերից և այլ նյութերից:  Այս կոնտեքստում ուսանողներից պահանջվում էր նաև պատասխանել այն հարցին, թե արդյոք դասախոսության ժամանակ թելադրված նյութը բավարար է քննության պատրաստվելու համար. 72 %-ը դրական է պատասխանել այս հարցին:

Հետազոտությունը պարզել է նաև, որ տեղեկատվությունը ինտերնետում փնտրելու հմտություններին լավ կամ գերազանց է տիրապետում  ուսանողների 93 %-ը: Սոցիոլոգը նշեց նաև, որ հարցումների ընթացքում ուսանողները դրական են գնահատել շփումները ԿԳՆ ներկայացուցիչների հետ: Այս տարվա հետազոտության ընթացքում հարցվողների 9 %-ը նշել է, որ շփվել է ԿԳՆ ներկայացուցիչների հետ, մինչդեռ 2013 թվականին այս ցուցանիշը 1 %-ից էլ պակաս է եղել:  Ինտերնետային կամ տպագիր տարբերակով նախարարությանը նամակ է ուղարկել 3 %-ը, իսկ 2013-ին՝ մոտ 2 %-ը:  Այս տարի հարցվողների 74 %-ը նշել է, որ ԿԳ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ կարողացել է տալ իրեն հուզող բոլոր հարցերը, իսկ 64 %-ն էլ նշել է, որ  ԿԳ ներկայացուցչի հետ զրույցից հետո կարողացել է իրեն հուզող հարցը լուծել ըստ էության:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ այս տվյալներն ուրախալի են նախարարության համար: Սա փաստում է, որ  նախարարության և ուսանողների միջև կապն ամրապնդվել է, բայց, միևնույն ժամանակ, Աշոտյանը նաև մտահոգություն հայտնեց բուհերի և ուսանողների շփումների վերաբերյալ:

«Նախարարությունը ստացել է աշխատանքի իր պտուղը, բայց համակարգը խնդրահարույց է: Այդ իսկ պատճառով ռեկտորներներին հանձնարարվել է  զբաղվել այս հարցով: Մեր խնդիրն է, որպեսզի դեկանատները ևս ավելի ուսանողակենտրոն դառնան: Այսօր շատ խնդիրներ կան, որոնք ուսանողները նախընտրում են լուծել նախարարության օգնությամբ, մինչդեռ դրանց մեծամասնությունը կարելի է հենց բուհերում լուծել»: