«Մենք, ըստ էության, քննարկումները շարունակելու ենք Ազգային ժողովի կանոնակարգով: Քանի դեռ որևէ հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել, ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ հանձնաժողովի անդմաներն իրավասու չեն որևէ արտահայտություն կամ միտք հրապարակել: Դիմումատուին տրվում է 10-օրյա ժամկետ, որպեսզի նա իր մեկնաբանությունները ներկայացնի», — այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նշենք, որ հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց էր. Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ուղղված դիմումը և past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը, որով լրագրողը նեկրայացրել էր փաստեր, թե ինչպես են պատգամավորները քվեարկում բացակա գործընկերների փոխարեն:
Ինչպես տեղեկացրեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը, Շուշանի Պետրոսյանի հարցով որոշում կկայացվի մինչև փետրվարի վերջ, իսկ կարգազանց պատգամավորների հարցով որոշումը կհրապարակվի փետրվարի 18-ին` հանձնաժողովի հերթական նիստից հետո: