տուն Լուրեր Ուր են գնում համատիրություններին վճարված փողերը

Ուր են գնում համատիրություններին վճարված փողերը

148
0

Khaghagh

Այսօր Երևանում շատ են հատկապես խորհրդային տարիներին կառուցված բարձրահարկ բազմաբնակարան շենքերը, որտեղ մուտքերը հազվադեպ են մաքրվում (ընդ որում՝ միայն առաջին հարկը) եւ վերանորոգում չի կատարվում, վերելակները վտանգավոր են, իսկ տանիքներն իսկական պատուհաս են վերջին հարկում ապրող բնակիչների համար:

Բնակիչները շենքի ընդհանուր բարելավման համար վճարումներ են կատարում համատիրություններին, իսկ թե ուր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում և ի՞նչ խնդիրներ են լուծվում՝ տեղյակ չեն:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը համատիրություններից դժգոհող հարյուրավոր քաղաքացիների բողոքներ է հիշում, որոնք այդպես էլ անարձագանք են մնացել.«Իրենք պարտավոր են տանիքները, աստիճանավանդակները վերանորոգել, մաքրման աշխատանքներ իրականացնել, բայց այդ կառույցը չկա և չի աշխատում, գոյություն ունի միայն թղթի վրա՝ կա համատիրության նախագահ ու մի քանի աշխատակիցներ:

Համատիրությունները հաճախ բողոքում են ասելով, եթե իրենց պարտականությունները չեն կատարում, ուրեմն բնակիչները չեն վճարում: Ես ասեմ, որ եթե բնակիչները չեն վճարում, իրենք կարող են դիմել դատարան, բայց չեն դիմում, որովհետև իրենք իրենց պարտականությունները չեն կատարում»:

Օրինակ՝ հաղորդավարուհի Աստղիկ Ղազարյանն ամեն ամսվա վճարի դիմաց համատիրության աշխատանքի արդյունքները չի տեսնում.«Ես այդքան էլ գոհ չեմ համատիրության կատարած աշխատանքից, ոչ բոլոր կետերն են նորմալ կատարում: Իսկ ինչ կապված է տարեկան հաշվետվության հետ, ըստ օրենքի՝ պարտավոր են յուրաքանչյուր ամիս ներկայացնել, ավելին՝ պետք է թուղթը շենքի պատին փակցնեն, սակայն՝ դա ևս չի արվում: Կարծում եմ՝ դեռ շատ անելիքներ ու բացեր ունի մեր համատիրությունը»:

Մինչև նոր բնակարան տեղափոխվելը դերասանուհի Տաթև Ղազարյանն ապրել է մեկ այլ բնակարանում, որտեղ ևս համատիրությունն իր պարտականությունները պատշաճ չի իրականացրել.«Մինչ այս բնակարանը, վարձով էինք ապրում այլ շենքում ու առանձին աղբի գումար էինք տալիս, առանձին վերելակի գումար և վստահաբար կարող եմ ասել, որ այնտեղ էլ չեն եղել այդ հաշվետվությունները»:

Համատիրությունների վատ աշխատանքի մասին մեզ ահազանգել են նաև մեր քաղաքացիներից, ովքեր շենքի մուտքը մաքրող հավաքարարին հազիվ շաբաթը կամ 10 օրը մեկ են տեսնում, իսկ թե ուր են գնում իրենց ամսական վարձավճարները՝ ոչ ոք չի բարեհաճում հաշվետվություն ներկայացնել:

Մասնավորապես Խորենացի 30 շենքի բնակիչները բողոքում են շենքի հակասանիտարական վիճակից, տարիներ շարունակ չվերանորոգված մուտքերից, շենքում տիրող գարշահոտությունից, նշելով նաեւ, որ  կատարված աշխատանքների համար երբեւիցե համատիրությունից որեւէ հաշվետվություն չեն տեսել։ Հաշվետվություններ չեն ներկայացվում նաեւ Մաշտոցի 7 հասցեում։ Ի դեպ, այս շենքերը «Կենտրոն» համատիրության մեջ են մտնում։

Հաշվի առնելով՝ համատիրությունների պատճառաբանությունները, թե իրենք փակցնում են այդ հաշվետվությունները, բայց հետո բնակիչները, կամ այլ կազմակերպությունների աշխատակիցներ պոկում են՝ իրենց գովազդը տեղադրելու համար՝ araratnews.am-ը մեկ ամսից ավելի ամեն օր հետևողականորեն ստուգել է Կենտրոն համայնքի մի քանի շենքերի շքամուտքեր, որտեղ ոչ մի օր՝ թե առավոտյան, թե երեկոյան հաշվետվության նմուշ չի եղել:

Ինչո՞ւ չեն փակցվում հաշվետվությունները և ինչո՞ւ համատիրություններն իրենց պարտականությունները բարեխիղճ կերպով չեն կատարում՝ մենք փորձեցինք պատասխաններ ստանալ հենց «Կենտրոն» համատիրությունից։

Այստեղ մեր հարցերից նյարդայնանում էին, հերքում բնակիչների բողոքները և զրույցի ընթացքում նույն հարցին իրար հակասող պատասխաններ տալիս.«Մենք ամեն ամիս հաշվետվությունները ներկայացնում ենք, հիմա, որ ասում են չկա, բնակիչ են, մեկը լավ կասի, մեկը՝ վատ: Չէ ցավդ տանեմ, տենց բան չկա, որ մտնում ես պադեզդ, հաշվետվությունների տախտակ կա, որի վրա փակցնում ենք: Հիմա կարողա պոկում են, այլ կազմակերպություններից գալիս են իրենց հայտարարություններն են կպցնում էդ հաշվետվությունների վրա»:

Համատիրության նախագահին հիշեցնելով, որ ամեն օր մեկ ամիս շարունակ ստուգումներ ենք իրականացրել մի քանի շենքում և ոչ մի անգամ հաշվետվություն չենք տեսել՝ արդեն այլ պատասխան սստացանք.«Դե, հիմա էդ մուտքը չէ, թող կողքի մուտքում փակցված լինի, ի՞նչ կա որ»:

Մեր հաջորդ հարցին՝ փաստորեն կա՞ն մուտքեր լինեն, որտեղ հաշվետվություն չի փակցվում՝ համատիրության նախագահը պատասխանեց.«Հարգելի լրագրող ջան, ես աշխատում եմ բնակիչների պահանջը ժամանակին կատարեմ, նոր աշխատող չեմ, ես 37 տարի է էստեղ նստած բոլորին գիտեմ: Հիմա, իրանք էլ են իրավացի, ես էլ եմ իրավացի»:

Ստացվում է, եթե բնակիչներին շատ է հետաքրքրում իրենց ամսավճարների ճակատագիրը, լավագույն դեպքում կարող են կողքի շենքերի մուտքերով պտտվել՝ հնարավոր է մի բան գտնեն. իրենց շքամուտքում չլինի, կողքի մուտքում կարող է լինի:

Հաշվետվությունների և այլ աշխատանքների հետ կապված խնդիրները միայն «Կենտրոն» համատիրությունում չեն: Araratnews.am-ը հետևողականորեն է լինելու խնդրին և անդրադառնալու է այլ բողոքների ևս:

Նշենք նաև, որ դիմելու ենք թաղապետարան՝ պարզելու, թե ինչպես են վերահսկում համատիրությունների աշխատանքները: Հուսանք՝ պատասխաններն ավելի հստակ կլինեն:

Էմմա Հովսեփյան