Այսօր քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այցելեց Գյումրի:
Գյումրեցիների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ընտրությունն առանձնահատուկ է, և մենք մուտք ենք գործելու մեր անկախության պատմության մի նոր ժամանակաշրջան. «Սրանք մեծ խոսքեր չեն. ինչ պետք է ունենանք ապրիլի 2-ին, բեկում պետք է մտցնի մեր երկրի զարգացման ընթացքի մեջ»:
Նա ընդգծեց. «1991 թվականից հրաժարվեցինք խորհրդարանական համակարգից և անցանք նախագահականին, սկսվեց մեր խնդիրների կուտակումը… ամեն ինչ արվում էր, որպեսզի այս իշխանությունը պահպանվի: Չէինք մտածում, որ այդ իշխանությունը ժողովրդին ծառայելու համար է, այլ ոչ թե տրված է, որ այն իր շրջապատի հոգսերը հոգա, և միայն մի նեղ վարչախումբ վայելի անկախության բերած պտուղները: Սա այնքան խորացավ, որ մենք, ունենալով երեք նախագահ, անձերի փոփոխություն, չկարողացանք լուծել այն խնդիրները, որոնք այսօր մեր ժողովրդի արդարացի դժգոհությունն են հարուցել»:
Ռուստամյանը նաև հավելեց, որ չի կարող ժողովրդավարություն լինել մի երկրում, որտեղ անկախությունից հետո ոչ մի անգամ իշխանությունն ընտրություններով չփոխվի. «Այդպիսի ժողովրդավարություն պարզապես չի լինում: Իրականում ընտրությունները ծառայում էին մեկ քաղաքական ուժի վերարտադրությանը, և սա մեր գլխավոր մարտահրավերն էր, որից պետք է կարողանանք ազատվել, որպեսզի մարդկանց վերադարձնենք ընտրելու իրավունքը, մարդկանց վերադարձենք ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, սա էր, որ կորած էր»: