Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի Գլուխ 12 Հոդված 69-ով սահմանվում է երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը:
Համաձայն օրենքի՝ մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխայի համար՝ մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների դեպքում՝ կեսը:
Քիչ չեն դեպքերը, երբ ծնողը, որը պարտավորվում է երեխայի համար վճարել ալիմենտ իր գրանցված աշխատավարձի համապատասխան չափով, ունի նաև չգրանցված եկամտի աղբյուր: Այս պարագայում ո՞վ է պատասխանատու և ինչպե՞ս է փոխհատուցվում վնասը: Araratnews.am-ը հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից.«Նման դեպքեր լինելու ժամանակ, կողմն իմանալուց հետո, համապատասխան գործողություններ է կատարում՝ դիմում է համապատասխան մարմիններին, իսկ համապատասխան մարմինները գալիս ու տուգանում են: Իրավական առումով գումարը պետք է գանձել այն կազմակերպությունից, որտեղ ալիմենտ վճարող ծնողն աշխատում ու աշխատավարձ է ստանում: Կազմակերպությունը, որն օրինական ճանապարհով պետք է տար, օրկնակ՝ 50 հազար դրամ, բայց տալիս է ավելին՝ մի հատ տուգանվում է հարկ չվճարելու համար, մի հատ էլ՝ իրենց ապօրինության հետևանքով վնաս պատճառելու»:
Ինչ վերաբերում է դեպքերին, երբ ալիմենտ վճարողը ոչ թե աշխատում է որևէ կազմակերպությունում, այլ օրինակ՝ գաղտնի առքուվաճառք է իրականացնում՝ փաստաբանը նշեց.«Այս դեպքում ալիմենտ վճարողը տուգանվում է նաև գաղտնի առքուվաճառքի՝ բիզնեսի համար»:
Նշենք նաև, որ նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս՝ գործազրկության նպաստի 20 տոկոսից:
Հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել ՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը: