տուն Լուրեր Ում ընտրել եւ ինչի համար. թեկնածուները՝ իրենց նախընտրական ծրագրերի մասին

Ում ընտրել եւ ինչի համար. թեկնածուները՝ իրենց նախընտրական ծրագրերի մասին

148
0

@ntrutun

Քանի որ «Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր, եւ այդ ծրագիրը հանձնել է հանրության դատին, ունի  հստակ տեսլական ծրագիրը կյանքի կոչելու, եւ Ծառուկյանն անձամբ, ինչպես նաեւ դաշինքը վայելում է հանրության մեծամասնության համակրանքը: Դրա վառ ապացույցը  նախընտրական հանդիպումներն են, որոնք վկայում են, որ հասարակության մեծ մասը հույսը կապում է Գագիկ Ծառուկյանի եւ դաշինքի հետ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ պետք է հասարակությունն իր ձայնը տա «Ծառուկյան» դաշինքին, նշեց դաշինքի ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը:  Նրա խոսքով` դաշինքի կողմից ներկայացվել է 15 կետից բաղկացած ծրագիր, եւ հստակ քայլերով գնում են առաջ:

Գնահատելով ընթացող նախընտրական քարոզարշավը` Պետրոսյանն ասաց, թե իշխանությունը խոստանում էր ազատ եւ արդար ընտրապայքար, սակայն ընթացքում իրենք ականատես եղան ե՛ւ հայհոյանքների, ե՛ւ հրմշտոցների, հետո արդեն դանակահարության դեպքերի: Հիմա Պետրոսյանը չի բացառում, որ ընտրությունները կավարտվեն կրակոցներով: Նա նկատեց, որ ՀՀԿ-ն արտոնյալ կարգավիճակում է, և ԿԸՀ-ն աչք է փակում այդ խախտումների վրա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանն էլ,  պատասխանելով նույն հարցին, ասաց, թե երկրի եւ մեր կյանքի փոփոխությունը հրամայական է: «Եթե ուզում են փոփոխություն, ապա պետք է ընտրեն «Ազատ դեմոկրատներին», քանի որ ծրագիրն առաջարկում է արմատական փոփոխություններ կատարել ներքին եւ արտաքին քաղաքականությունում»,- ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով` «Ազատ դեմոկրատներն» առաջարկում է ՀՀ քաղաքացիներին ապրել նույնքան արժանավայել, որքան եվրոպական միջին զարգացած երկրի քաղաքացին: «Առաջարկում ենք առանց վիզայի ազատ տեղաշարժ, լքել ԵՏՄ կոչվող ծաղրանկարը, եւ, վերջապես, ոչ միայն  երկրին վերադարձնել ինքնիշխանությունը, այլեւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

«Ելք»  դաշինքով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ պետք է ձայն տալ «Ելք» դաշինքին, որովհետեւ իրենք երբեւէ կոալիցիա չեն կազմել, չեն կազմում եւ չեն կազմելու, արտաքին քաղաքականության իրենց տեսակետը տարբերվում է  իշխանության ներկայացրած տեսակետից: Տեսակետների տարբերությունը, ըստ Սիմոնյանի, կա նաեւ մյուս ոլորտներում: «Օրինակ` մենք չենք կարծում, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ մի հոգի պետք է շաքարավազ բերի եւ այլն: 180 աստիճանով մենք  այսօր տարբերվում ենք գործող իշխանությունից գրեթե բոլոր հարցերում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա նա դաշինքի քարոզարշավը դրական համարեց, նշելով, որ հանրության կողմից մեծ համակրանք կա «Ելք» դաշինքի նկատմամբ: