Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Awards ceremony on the occasion of the 26th anniversary of Armenia’s independence took place at the RA Presidential Palace
Awards ceremony on the occasion of the 26th anniversary of Armenia’s independence took place at the RA Presidential Palace
Awards ceremony on the occasion of the 26th anniversary of Armenia’s independence took place at the RA Presidential Palace
Awards ceremony on the occasion of the 26th anniversary of Armenia’s independence took place at the RA Presidential Palace
Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու կապակցությամբ:
Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը: Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջև, ապա՝ գործընկերներիդ և վերջապես՝ ողջ հասարակության առջև:
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Այն, ինչին դուք այսօր արժանանում եք՝ մեդալների, շքանշանների և կոչումների տեսքով, իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ: Դրանք մեր ողջ ժողովրդի և երկրի գնահատականն են ձեր կարևոր և շնորհակալ գործունեությանը:
Այսօր և վաղը կյանք մտնող երիտասարդները պետք է ունենան չափանիշներ և ուղենիշներ: Նրանք պետք է իմանան, թե ի՛նչն է մեզ համար արժեք:
Մենք նաև ձեր օրինակով արժեքային համակարգ ենք սահմանում մեր հասարակության համար: Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք մասնագիտական բարձր մակարդակով և քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ օր-օրի ամրացնում եք մեր պետությունը:
Համոզված եմ, որ վաղը նման արժանավորները մեր երկրում ավելի շատ են լինելու, և մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած:
Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ գործի մեջ և երջանկություն անձնական կյանքում:
Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ: