Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան կոչ է արել համաշխարհային հանրությանը 1944թ.-ին Ղրիմի թաթարների տեղահանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, հայտնում է Korrespondent-ը: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը` 450-ից 240 պատգամավոր:
Ուկրաինացի պատգամավորները նաև կոչ են անում միջազգային հանրությանը «դատապարտել ՌԴ օկուպացիոն իշխանության գործողությունները, որոնք ուղղված են Ղրիմի տարածքում թաթար ժողովրդի մեջլիսի արգելմանը»: Ուկրաինացի օրենսդիրներն անհրաժեշտ են համարում ջանքեր գործադրել Ղրիմի թաթարներին Ռուսաստանի կողմից իրականացվող խտրականությունից և հետապնդումներից պաշտպանելու համար:
Համապատասխան փաստաթղթում Ռուսաստանը մեղադրվում է Ղրիմում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու մեջ, իսկ Ղրիմի թաթարների դեմ քաղաքականությունը անվանվում է «էթնոցիդ»: Ուկրաինայի Գերագույն ռադան այդ կոչերը հղել է ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-Ի ԽՎ-ին, աշխարհի պետությունների առաջնորդներին և ամբողջ միջազգային հանրությանը: