Ուկրինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ի համար անսպասելի էին և կազմակերպության անդամ բոլոր երկրների անվտանգության համար լուրջ մարտահրավեր են հանդիսանում: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ հրապարակած ուղերձում նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Սպիտակ տան ղեկավարը համարում է, որ մեծամասամբ հենց Ռասմուսենի շնորհիվ է ՆԱՏՕ-ն կարողացել «պատասխան տալ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, որոնք ընդհանուր անվտանգության համար լուրջ ու անսպասելի մարտահրավեր են դարձել»: Բացի դրանից Օբաման բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի աշխատանքն Աֆղանստանում, Բալկաններում ու Լիբիայում՝ ընդգծելով, որ նրա ղեկավարությամբ դաշինքն ավելի ուժեղ է դարձել:
ԱՄՆ-ի նախագահի ուղերձում խոսվում է նաև Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եկող սպառնալիքին ՆԱՏՕ-ի տված պատասխանի մասին, թեև ինքը Ռասմուսենը վերջերս հայտարարել էր, որ դաշինքն այդ հարցում միայն համակարգող գործառույթ է իրականացնում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենին կփոխարինի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Օբաման, ITAR-TASS-ի փոխանցմամբ, վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնյան կկարողանա կազմակերպություն բերել «իր էներգիան, փորձն ու արժեքների պաշտպանության անհրաժեշտության գիտակցումը»: