Այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բավականին կոշտ արձագանք է տվել այն տեղեկությունից հետո, որի համաձայն Ուկրաինայից բռնազավթված Ղրիմից ուղիղ չվերթ է կատարվել Երևան: Տեղեկացնենք, որ չվերթը նոյեմբերի 16-ին կատարել է «Գրոզնի ավիա» ավիաընկերությունը` Սիմֆերոպոլը կապելով ՀՀ մայրաքաղաքի հետ:
Սա ընդամենը երկրորդ միջազգային ավիաչվերթն է՝ Սիմֆերոպոլից Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո:
Ըստ ԱԳՆ պատասխանատու Եվգենի Պերեբեյնիսի` Ուկրաինան ժամանակին որոշում է կայացրել փակել Ղրիմի տարածքի օդանավակայանները, ինչը նշանակում է, որ այնտեղից իրականացվող չվերթներն անօրինական են:
«Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ մեր բոլոր գործընկերները հավատարիմ կմնան այն բանին, որ Ղրիմը համարվում է Ուկրաինայի մասը, հավատարիմ կմնան նրան, որ անօրինական իշխանությունների կողմից իրականացվող չվերթները չեն կարող օրինական լինել և չեն ընդունի Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմից իրականացվող չվերթները», — ասել է Պերեբեյնիսը: