Ֆեյսբուքյան օգտատեր Արա Պետրոսյանը երեկ իր էջում մի լուսանկար էր տեղադրել եւ կատարել հետեւյալ գրառումը. «Էս շլանգբավոմը դրվել է Հաղարծնի վանքի ճամփին դե գուշակեք ում կողմից, այո, դուք ճիշտ եք՝ Տավուշի թեմի կողմից, երևի մոմից մնացած փողը քչություն ա անում, մուտքն էլ արդեն 300 դրամ ա։
Հիշեցնեմ, որ Հաղարծնի վանքը կարգին տեղ էր նախքան դուբայի թագավորի փողերով եվրոռեմոնտ անելը, իր տեսակի մեջ եզակի սեղանատունը գարեգին բ-ի մատուռի վերածելը և այլն, մի խոսքով»։
Այսօր Araratnews.am-ը փորձեց պարզել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանից, թե իրականում ինչու է դրված ուղեփակոցը։ Սրբազանը նշեց, որ այն դրվել է երթեւեկության կարգավորման եւ հնարավոր խցանումներից խուսափելու համար, որոնք ավելի հաճախակի են լինում հատկապես ծանրաբեռնված օրերին։
Նա տեղեկացրեց, որ սահմանվել է 300 դրամ վճար անժամկետ կայանման համար, որի դիմաց սպասարկող հատուկ կազմակերպության կողմից կտրամադրվեն կտրոններ, մի խոսքով՝ տարածքում կարգուկանոն են մտցնում, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաները հատուկ ծառայության միջոցով կարող են կայանվել մինչեւ անգամ եկեղեցու բակում։
Ֆեյսբուքյան գրառմանը Բագրատ եպիսկոպոս Գալստյանը չուզեց անդրադառնալ, նշելով, որ չի ցանկանում խոսել այլանդակ, հայհոյանքներով համեմված անպատասխանատու մեկնաբանությունների մասին։