Araratnews.am-ի լրագրողին է դիմել մանկական ուղեղային կաթվածով, մեկ երիկամ ունեցող երեխա Անահիտ Սողոմոնյանի մայրը՝ Աստղիկ Բաբախանյանը: Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանի անհասկանալի ու անարդար վճռի պատճառով ընտանիքը շուտով կմնա անօթեւան:
Տեղեկացնենք, որ Սողոմոնյանների ընտանիքը 2008 թվականից դարձել է վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանի զոհը, որի մասին 2016-ին գրել է iravunk.com-ը:
ԳՈՐԾԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
2008-ին Հովհաննես Սողոմոնյանի որդին` Անդրանիկ Սողոմոնյանը, հարևանի տղայի` Ռուբեն Գևորգյանի հետ որոշում է գումար աշխատել առևտրի ոլորտում: Այդ նպատակով Ռուբեն Գևորգյանն առանց գումարի մեկնում է Չինաստան` մուշտակներ գնելու: Չինաստանից Ռուբենը պարբերաբար զանգահարում է Անդրանիկին եւ խնդրում գումար ուղարկել՝ մուշտակները գնելու:
Քանի որ Անդրանիկ Սողոմոնյանը գումար չի ունեցել մուշտակներ գնելու համար, գումար է վերցրել Արթուր Միրզոյանից, որը, ըստ հրապարակման, եղել է սկսնակ վաշխառու: Անդրանիկ Սողոմոնյանը, չլինելով Բաբաջանյան փողոցի 103 շենքի 22 բնակարանի սեփանակատեր, Արթուր Միրզոյանի հետ հետ տան առքուվաճառքի պայմանագիր է կնքել և դրա դիմաց ստացել է 21.000 դոլար:
Հովհաննես Սողոմոնյանը, լինելով Անդրանիկ Սողոմոնյանի հայրը, առքուվաճառքի մասին պատահաբար է իմացել: Իսկ բնակարանը գրանցված է եղել Հովհաննես Սողոմոնյանի հոր՝ Անդրանիկ Սողոմոնյանի անունով, որի անուն,ազգանունն ունի նաև Հովհաննես Սողոմոնյանի որդին:
Չինաստանից եկած մուշտակների վաճառքից այդպես էլ Անդրանիկ Սողոմոնյանին ոչ մի լումա չի հասել: Հասկանալով, որ խաբվել են, 2010-ի հոկտեմբերից սկսել են դատական գործընթաց՝ բնակարանի կեղծ առքուվաճառքի պայմանագիրը վիճարկելու:
Բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ չհամարելու համար շահագրգռված է եղել նաև Նորիկ Տեր- Գրիգորյանը, որին Անդրանիկ Սողոմոնյանը համարում է վաշխառու: 2009 թ. Նորիկ Տեր-Գրիգորյանն Արթուր Միրզոյանի հետ շինծու գրավ է ձևակերպել, թե իբր Արթուր Միրզոյանը Նորիկ Տեր-Գրիգորյանից 15.000 դոլար փող է վերցրել մեկ տարի ժամկետով: Ու քանի որ Արթուր Միրզոյանն այդ փողը կարող էր տալ միայն Սողոմոնյանների բնակարանի հաշվին, Նորիկ Տեր-Գրիգորյանն անում է ամեն ինչ, որ դատական ատյաններում բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ չհամարվի:
Սողոմոնյանները կարողանում են դատական երեք ատյաններում չեղյալ համարել առքուվաճառքի պայմանագիրը, որից հետո տան սեփականության իրավունքը Կադաստրի պետական կոմիտեով գրանցվում է Հովհաննես Սողոմոնյանի անունով:
Նորիկ Տեր-Գրիգորյանը 2014 թ. դատի է տալիս Կադաստրի պետական կոմիտեին՝ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը չեղյալ համարելու պահանջով: Որպես երրորդ կողմ՝ ներգրավվում է նաեւ Սողոմոնյանների ընտանիքը: 2014 թ. հոկտեմբերի 22-ին վարչական դատարանը մերժում է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի: Վաշխառուն դիմում է վերաքննիչ վարչական դատարան` բողոքարկելու վարչական դատարանի դատավճիռը: Վերաքննիչն էլ հետ է ուղարկում գործը՝ վերանայման նպատակով: Սակայն վարչական դատարանը վճիռն անփոփոխ է թողնում: Դրան զուգահեռ Նորիկ Տեր-Գրիգորյանը դիմում է քաղաքացիական առաջին ատյանի դատարան՝ Սողոմոնյաններին բնակարանից վտարելու պահանջով: Քանի որ գործը վարչական դատարանն է քննում, քաղաքացիական առաջին ատյանի դատարանը կասեցնում է վտարման պահանջը:
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Աստղիկ Բաբախանյանից այսօր տեղեկացանք, որ մի քանի ամիս առաջ մահացել են իր սկեսրայրը՝ Հովհաննես Սողոմոնյանը, ու վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Սակայն վաշխառուն 2016-ին վերաքննիչ վարչական դատարանի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: 2 տարի անց Սողոմոնյանների նամակի հիման վրա, թե ինչու է Վճռաբեկ դատարանը գործի քննությունը ձգձգում, 2018-ի նոյեմբերի 30-ին վճռում են՝ բնակարանի սեփանականության իրավունքը Նորիկ Տեր-Գրիգորյանինն է: Սա զարմացրել է ոչ միայն Սողոմոնյաններին, այլեւ նրա փաստաբան Սամվել Միրզոյանին:
Araratnews.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց. «Վճռաբեկ դատարանը կարծում է՝ վարչական դատարանն այդ հարցը չպետք է լուծեր, քանի որ այդտեղ վարչական ակտ գոյություն չունի: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը կարծում է՝ կադաստրի պետական կոմիտեն պետք է քննարկեր վարչական դատարանի վճիռը: Սա այն դեպքում, երբ Կադաստրի պետական կոմիտեն ընդամենը իրավունք գրանցող մարմին է, եւ այդ իրավունքի գրանցումն այս գործով արել է ԴԱՀԿ-ի պահանջի հիման վրա: Երկրորդ՝ կադաստրը գրանցել է Հովհաննես Սողոմոնյանի իրավունքը նրա հոր եւ մոր որդին լինելու հիմքով: Հիմա Վճռաբեկ դատարանի վճռում գրված է՝ Սողոմոնյանների բնակարանը ոչ մեկի անունով չի եղել, բայց ճիշտ չի ասում, հետևաբար, սեփականության իրավունքի գրանցում չպետք է լիներ: Երբ չեղարկվեց Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը այդ բնակարանից, վերականգնվեց Հովհաննես Սողոմոնյանի հոր եւ մոր սեփականության իրավունքն այդ տան նկատմամբ, որից հետո էլ Հովհաննես Սողոմոնյանն ստացավ իր ժառանգությունը»:
Սամվել Միրզոյանի համար անհասկանալի է ու զարմանալի է՝ դատական ինչ ակտի հիման վրա է Վճռաբեկ դատարանն այդպիսի վճիռ կայացրել: «Վարչական դատարանի վճռում գրված է՝ կադաստրի պետական կոմիտեն ճիշտ է վարվել, քանի որ կադաստրը գնահատող մարմին չէ, այլ գրանցող: Իսկ Վճռաբեկ դատարանն ասում է՝ կադաստրի պետական կոմիտեն պետք է գնահատեր վճիռը»,- մանրամասնում է փաստաբանը:
ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ
Փաստաբանը մի հետաքրքրիր փաստ եւս հրապարակեց: Վճռաբեկ դատարանի նախագահը՝ Երվանդ Խունդկարյանը, դատավոր Գոռ Հակոբյանը եւ եւս մեկ դատավոր ասել են՝ Վճռաբեկի բողոքը պետք է մերժվի: Բայց արի ու տես, որ Վճռաբեկ դատարանի մեկ այլ դատավոր՝ Ստեփան Միքայելյանը, կարողացել է համոզել մյուս դատավորներին, որ Վճռաբեկ դատարանը պետք է բավարարի բողոքը:
Բանն այն է, դատավոր Ստեփան Միքայելյանը սույն գործի հետ կապ ունի, քանի որ Նորիկ Տեր-Գրիգորյանը փորձել է նաև քաղաքացիական առաջին ատյանով վերականգնել իր խախտված իրավունքը: Ստեփան Միքայելյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի կարգավիճակում բեկանել էր առաջին ատյանի դատարանի վճիռն ընդդեմ Նորիկ Տեր-Գրիգորյանի, այն հետ էր ուղարկել՝ վերանայման համար: Առաջին ատյանի դատարանն էլ պարզաբանել է՝ Վերաքննիչի բեկանելն անգամ հօգուտ Սողոմոնյանների է: «Այսինքն՝ օրենքի մեկնաբանության գնահատման հարց կար: Այդ նույն մեկնաբանությունը Ստեփան Միքայելյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանում, մինչդեռ նա պետք է ինքնաբացարկ հայտներ ու չմասնակցեր գործի քննությանը»,- համոզված է փաստաբանը:
Սողոմոնյանները հիմա պետք է դիմեն Սահմանադրական դատարան, քանի որ Վճռաբեկ դատարանը խախտել է նրանց սեփականության իրավունքը: Սակայն ՍԴ դիմելով՝ Սողոմոնյանները ժամանակ չեն շահում: «ԴԱՀԿ-ը 1-2 ամսում Սողոմոնյաններին այդ բնակարանից կվտարի, Կադաստրի պետական կոմիտեն էլ կգրանցի Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավահաջորդի իրավունքը: Միայն ՍԴ-ում արդյունքի հասնելուց հետո հնարավոր է հետ բերել սեփականությունը»,-ավարտեց իր խոսքը փաստաբան Սամվել Միրզոյանը:
Հ.Գ. Պատրաստ ենք լսելու նաև Վճռաբեկ դատարանի ու դատավոր Ստեփան Միքայելյանի պարզաբանումը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ