տուն Լուրեր Ո՞վ է փակելու վարկը՝ ՀԷ՞Ց-ը, թե՞ պետությունը

Ո՞վ է փակելու վարկը՝ ՀԷ՞Ց-ը, թե՞ պետությունը

95
0

Zaxaryan

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էներգետիկ համակարգի համար կառավարության կողմից վարկ վերցնելու հարցին:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար ՀՀ կառավարությունը վարկ վերցնի Համաշխարհային բանկից՝ Զախարյանը պատասխանեց. «Պետությունը չի փակում այդ վարկը, դա ընկերություններն են փակում իրենց միջոցների հաշվին: Ո՞վ է ասել, որ պետությունն է տալու այդ վարկը: Պետությունը թույլ է տալիս, որ ընկերություններն այդ վարկը վերցնեն»:

Լրագրողների դիտարկմանը, թե այդ պարտքերը կուտակվել են, քանի որ ՀԷՑ-ը ժամանակին չի վճարել ոլորտի ընկերություններին՝ արտադրած էլեկտրաէներգիայի դիմաց, այդ դեպքում ինչո՞ւ նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ, նախարարը նշեց, թե ոչ բոլոր պարտքերն են ՀԷՑ-ինը:  «Հետո, մենք թանկ չենք վճարում, այդ վարկերը տրամադրվում են ցածր տոկոսներով և որևէ ազդեցություն, ես արդեն մի քանի անգամ կրկնել եմ, սակագների վրա չեն ունենա: Ամբողջ 30 մլն դոլար վարկը վճարվելու է ընկերությունների կողմից, պետությունը դրա վերաբերյալ որևէ պարտավորություն չունի»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ՀԷՑ-ն իր պարտքերը վճարելո՞ւ է, Զախարյանը պատասխանեց. «Իհարկե, մինչև օգոստոսի մեկը»: Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է վարկ վերցվում, նախարարը պատասխանեց. «Բացի դրանից, կան նաև ընկերություններին չվճարված պարտավորություններ, բայց ոչ ՀԷՑ-ի կողմից»:

 

«Տարբեր ընկերություններ չեն վճարել, չեմ կարող նշել անուններ: ՀԷՑ-ը պարտք չի եղել իրենց»,- նման բացատրություն տվեց Երվանդ Զախարյանը: