տուն Լուրեր Ո՞վ է որոշել չկրճատել Ամանորի տոները. պարզաբանում

Ո՞վ է որոշել չկրճատել Ամանորի տոները. պարզաբանում

155
0

Օրեր առաջ  սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը հանվել է: Ընդ որում՝ հանվել է նախագծի հեղինակի՝ Թադեւոս Ավետիսյանի պահանջով:

Նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադեւոս Ավետիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Երբ նախագիծը ներկայացվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, պատգամավորներն առաջարկեցին օրենքի նախագիծը վերախմբագրել եւ հիմնավորումներ ներկայացնել: Մասնավորապես, պատգամավորները պահանջում էին օրինակներ բերել միջազգային փորձից, ներկայացնել ամփոփ միջազգային  վերլուծություն»,- ասաց նախկին պաշտոնյան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանից էլ տեղեկացանք՝  նախարարությունը քննարկումներ է ունեցել կառավարության հետ եւ որոշել ընթացք չտալ  Ամանորի տոները կրճատելու նախագծին: Իսկ թե ի՛նչ հիմնավորմամբ է դա եղել՝ Ժորա Սարգսյանը դժվարացավ ասել, քանի որ քննարկումներին չի մասնակցել:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթախչյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, թե  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը կառավարության աշխատակազմի հետ  Ամանորի տոները կրճատելու քննարկումներ է ունեցել:

Լիանա Ղալթախչյանը հիշեցրեց՝ երբ կառավարություն է փոխվում, նախկին կառավարության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները հետ են ուղարկվում կառավարություն: «Այն իրավական ակտերը, որոնց  կառավարությունը ցանկանում է շարունակություն տալ, նորից ուղարկում է Ազգային ժողով: Այդ նախագիծը մենք չենք ուղարկել Ազգային ժողով»,- մանրամասնեց ՀԿառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Մեր դիտարկմանը, թե հանրության մի մասը դրական էր տրամադրված Ամանորի տոները կրճատելուն, Լիանա Ղալթախչյանի խոսքով՝  դրական տրամադրվածությունը նախկին կառավարության կողմից էր: «Մենք հանրային տրամադրությունները չենք չափել: Չգիտեմ՝ ինչո՛վ եք չափում հանրային տրամադրությունը: Հանրային պահանջ չենք նկատել: Մենք հիմա որեւէ որոշում չունենք փոփոխություն անելու: Այս պահին ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում եղել է»,- ասաց աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Լիանա Ղալթախչյանի խոսքով՝ մինչեւ Ամանոր դեռ ժամանակ կա, հետևաբար, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի, փոփոխություն կանի:

Փաստորեն, 2019-ից առաջ Ամանորի տոները չեն կրճատվի: Ըստ էության, գործող կարգը կպահպանվի՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ կլինի ոչ աշխատանքային:

Սոնա Դավթյան