Ազգային ժողովում շարունակում են քննարկել «ՀՀ ընտրական օրենսգիրքը» և դրան կից օրենսդրական փաթեթը: Նոր ընտրական օրնեսդրական փոփոխություններից մեկը վերաբերում է Աժ ընտրությունների անցկացման կարգին:
Թեմայի հետ հիմնական զեկուցող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին իր հարցերը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ցանկացավ լսել աշխատակազմի ղեկավարի մեկնաբանությունը.«Օրենքի տրամաբանությամբ ո՞րն եմ տեսնում խնդիրը: Օրենքի տրամաբանությամբ՝ ամեն ընտրող ունի երեք փաստաթուղթ և անկախ օրենքից՝ ընտրողների 99.9 տոկոսն ունի տասը մատ: Ճիշտ է, նախագծում գրված է, որ ԿԸՀ սահամանված կարգով պետք մատնահետք վերցնելը տեղի ունենա, բայց այստեղ հարց է առաջանում, որտեղ է երաշխիքը, որ մարդը մատը պետք է դնի սահմանված կարգով, որովհետև, էլի եմ ասում, եթե ելնենք կասկածամտության կանխավարկածից, այնտեղ ինչ որ գործարքներ կան, որ կարելի է տասը տարբեր մատների հետքեր դնել»:
Դավիթ Հարությունյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը՝ նշեց.«Մարդու ներկայացրած երեք փաստաթղթից յուրաքանչյուրում էլ իր լուսանկարը կա, և եթե մարդը ներկայացրեց փաստաթղթերից որևէ մեկը, առաջին հերթին պետք է համադրվի լուսանկարը և անձը: Քանի որ լուսանկարի ճանաչումը դեռևս չի գտնվում պատշաճ մակարդակի վրա, մենք առաջարկում ենք, որ ճիշտ կլինի, օբյեկտիվ մեկ այլ չափանիշ վերցնենք, բիոմետրիկ ստուգում անցկացնենք, որի մեջ մտնում է նաև մարդու մատնահետքը: Հասկանալի է, որ եթե լինի որոշակի հանցավոր կապ, ապա մարդը կարող է ոչ թե իր ցուցամատը դնել, այլ մեկ այլ մատ և մեկ այլ տեղամասում քվեարկել մեկ այլ մատով, սակայն կարգը պետք է լինի շատ հստակ: Եթե ուշադրություն դարձնենք նախագծի գաղափարախոսությանը, ապա կետերը, որտեղ անհրաժեշտ է վստահված անձանց , դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների հսկողություն, այդ կետերը փորձել ենք նվազեցնել առավելագույնս և պարզեցնել գործընթացը: Այսինք՝ շատ հստակ երևում է, թե մարդը որ մատը դրեց սարքի վրա, և դա կարող է ունենալ անմիջապես իր արձագանքը»: