«Բյուջեի մասին» օրենքով Արտաքին գործերի նախարարությանը տրամադրվել է 13. 3 միլիարդ դրամ բյուջե, որի դիմաց արձանագրվել է 99 տոկոս կատարողական: Այս մասին «2014թ-ի պետական բյուջեի կատարման մասին» քննարկման ընթացքում հայտնեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը նշեց, որ ԱԳՆ-ին տրամադրված բյուջեով բոլոր ծախսերն իրականացվել են 98 տոկոսով: Խոսելով ծրագրերից ու ծախսերիցˋ փոխնախարարը տեղեկացրեց, որ ունեն նաև արտաքին պարտք:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ փոխնախարարից հետաքրքրվեց, թե միջազգային ո՞ր կազմակերպությանն են պարտք: Բացի դա ˋ պատգամավորը փորձեց տեղեկանալ, դեսպանատան շենքի գնումը, որի մասին նշված է, ո՞ր երկրում է:
«Շենքի գնում տեղի չի ունեցել, ունենք վարկով ձևակերպված շենք, դրա պարտքի մարում է տեղի ունեցել»,- պարզաբանեց պարոն Մանասարյանը:
Ինչ վերաբերում է պարտքերին, փոխնախարարն այդպես էլ չասեցˋ որ կազմակերպությոններին են պարտք. «Չեմ կարող ասելˋ ինչքան են կազմում պարտքերը, բայց վստահեցնում եմ՝ որևէ տեղ կրիտիկական վիճակի պահ չկա»,- ասաց Սերգեյ Մանասարյանն ու պատասխանեց, որ արտաքին պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 800 000 դոլար: