տուն Լուրեր Ո՞ր դեպքում լրագրողը կարող է հրապարակել գաղտնի տեղեկատվությունը

Ո՞ր դեպքում լրագրողը կարող է հրապարակել գաղտնի տեղեկատվությունը

120
0

lk

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Հայկական ԶԼՄ-ների ազատությանն ու սահմանափակումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ չնայած միջազգային կազմակերպություններում այս տարի մեր դիրքերը բարելավվել են, այնուամենայնիվ, մեզ համարում են ոչ ազատ խոսք ունեցող երկիր.«Այն կազմակերպությունները, որոնք գնահատում են խոսքի ազատությունն աշխարհում, Հայաստանը գնահատում են կամ ոչ ազատ, կամ կիսաազատ երկրների ցանկում: «Ֆրիդոմ հաուսը», որը շատ կոշտ է գնահատում՝ մենք ոչ ազատ ենք: Բայց եթե ըստ բնագավառների նայենք՝ ամեն մի լրատվամիջոց տարբեր ձև է գնահատվում: Օրինակ համացանցի ազատության տեսանկյունից Հայաստանը համարվում է ազատ: Այսինքն՝ եթե հեռուստատեսությունների կամ այլ տիպի լրատվամիջոցների դեպքում բավականին շատ քննադատություն կա, ապա ցանցային մամուլը և, այսպես ասած,  քաղաքացիական լրագրությունն ընկնում է ազատ դաշտ: Նույն «Ֆրիդոմ հաուսը» համացանցի տեսանկյունից Հայաստանը համարում է ազատ: Ընդ որում՝ այդ ցանկում շատ քիչ երկրներ կան: Նույնիսկ այն երկրները, որոնք համարվում են ժողովրդավարական, իրենք հիմա գնալով ավելի են ուժեղացնում պետության ազդեցությունը համացանցի վրա: Հիմա համացանցը վտանգված է, որովհետև շատ պետություններ մեխանիզմներ են ման գալիս, որ սահմանափակումներ մտցնեն»:

Հարցին՝ որտե՞ղ են հատվում ազատությունն ու անվտանգությունը՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.«Ապրիլյան պատերազմի ժամանակ դա բոլորի համար կարևոր հարց էր դարձել: Մի դեպքում լրագրողների կողմից պետք է ամեն ինչ ազատ լինի, նույնիսկ օրենքն ինչ որ առումով ենթադրում է, որ գաղտնի տեղեկատվության վրա սահմանափակումներ լինելու դեպքում էլ լրագրողն իրավասու է գաղտնի տեղեկատվություն տարածել, եթե համարում է, որ հանրային շահից ելնելով տեղեկատվությունն ավելի կարևոր է, քան գաղտնիությունը: Ի վերջո, պետությունը կարող է  գաղտնիացնել այնպիսի բաներ, որ չպետք է լինեն գաղտնի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ տարածված պրակտիկա է՝ արգելափակում են տեղեկատվությունը, որ հանգիստ աշխատեն:  Մյուս դեպքում հասկանալի է, որ եթե դու պատերազմական իրավիճակում ես, ինչ որ տիպի տեղեկատվություն, օրինակ՝ կոնկրետ կարող է վտանգել զինվորների կյանքը»:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ մեզ մոտ որոշակի խնդիրներ կան այն հարցի հետ կապված, թե պատերազմական գործողությունների ժամանակ որ գաղտնի տեղեկատվությունը կարելի է հրապարակել, որը՝ ոչ.«Ի հարկե, կան լրագրողներ, ովքեր այս տարիների ընթացքում ռազմական թեմաների շուրջ աշխատել են՝ շփվելով բանակի հետ, բայց երբ դու մտնում ես պատերազմական իրավիճակի մեջ, բնականաբար ռազմական թեմաներով ստիպված սկսում են զբաղվել շատ ավելի մեծ թվով լրագրողներ: Այստեղ առաջանում է մեկ հարց՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ չէ:  Հաշվի առնելով, որ դա կատարվում է շատ արագ տեմպերով և հնարավոր չէ շատ արագ զանգահարել Պաշտպանության նախարարություն և ճշտել՝ ինչը կարելի է նկարել:  Չկա մի հստակ ուղեցույց, որտեղ կետերով նշված կիլինի, որ օրինակ՝ դիպուկահարի դեմքը չեն նկարում, կամ տանկն այնպես պետք է նկարվի, որ վրայի նշանները չերևան: Այս խնդրով պետք լրագրողները հստակ ուղեցույց ունենան»: