Արտաքին պարտքից շատ վախենալ պետք չէ, այն բոբո չէ, որից շատ վախենաս, բայց այն ցուցանիշները, որոնք կան, իսկ դրանք ռիսկային են, մտահոգիչ են. այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կողմից բերված ցուցանիշներին, ըստ որոնց Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
Քոքոբելյանը հարցրեց՝ տնտեսական ո՞ր ցուցանիշներն են բացասական ազդեցություն ունեցել նախորդ տարվա բյուջեի կատարողականի վրա և որո՞նք են հիմնական ռիսկերը, որոնք պետական պարտքի վերադարձման հետ կապված խնդիր կառաջացնեն: Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան ասաց, որ բյուջեի կատարողականի վրա բացասական ազդեցություն են ունեցել մասնավոր տրանսֆերնտների կրճատումը, ներդրումների կրճատումը, բնակչության տնօրինվող եկամուտները: «Բյուջեն իր վարքագծով ջանքեր է գործադրել, որ մեղմի հնարավոր վատթարացման բացասական ազդեցությունները»,- նշեց նա: Ինչ վերաբերում է արտաքին պետական պարտքի ռիսկերին, Ջանջուղազյանն ասաց, որ որպես կանոն դիտարկվում են փոխարժեքի և մի շարք այլ ռիսկեր, որոնց հետ կապված ներկայացվում են հնարավոր ցուցանիշները. «Կարևոր է, թե որ մասն է լողացող տոսադրույքով, որ մասը՝ ֆիքսված: Լողացող տոկոսադրույքով պարտքի վարքագիծը կառավարելի չէ մեր կողմից, մենք դրա հետևանքները կրում ենք: Վերաֆինանսավորման ռիսկերի հետ կապված մարումների գրաֆիկն է կարևոր: Փոխարժեքի ռիսկ կա, որը մեր երկրում նշանակալի գործոն է, քանի որ արտաքին պարտքի շուրջ 85 տոկոսն ազգային արտարժույթով չէ: Մենք այս ամենը գնահատում ենք, բայց բոլորը չէ, որ մեր ազդեցության ներքո են»,- նշեց նա: Պատգամավորն էլ արձանագրեց, որ միջազգային ֆինանսական շուկայում որևէ ցուցանիշ մեզանից կախված չէ: «Փաստենք, որ այլընտրանք չունենք, մեզանից չէ կախված: Ամեն անգամ անալիզների ժամանակ նշում ենք, որ ցուցանիշները մեզանից կախված չեն: Ուղղակի այնպես անենք, որ այդ ամենը սթրեսային ազդեցություն չունենա: Ես չգիտեմ տնտեսական ցուցանիշ, որը արտաքին ազդակներից եկել է ու բացասական հետևանքներ չունենա»,- նշեց Քոքոբելյանը:
Պատգամավորը նաև հարցրեց՝ ինչպիսի՞ բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: «Չի կարող ամեն ինչ լինել բացասական կամ դրական: Մեդալի պես է, երկու կողմ ունի: Մենք ունենք այն՝ ինչ ունենք: Այո, մենք ունենք վատթարացում, դրա համար են այս հարցերն առաջանում»,- հակադարձեց Ատոմ Ջանջուղազյանը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, Ջանջուղազյանը նշեց, որ չի տիրապետում ցուցանիշներին, չի կարող գնահատել՝ բացասական է ազդեցությունը, թե դրական: