Մարինե Մադաթյան
Անի Հովհաննիսյան
«Շահող կտրոն» վիճակախաղի պարգևավճարների համար հատկացվող գումարի մոտ 95%-ն առաջին երկու տարում հոսել է անհայտ ուղղությամբ: Այսպիսի հոսք Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)իրականացրել է շնորհիվ մեկ որոշման, այն է՝ 2009-2010թթ.-ին բոնուսներ վճարել նաև չշահած կտրոնների խմբաքանակ ներկայացնողներին:
Մոտ 6 միլիարդ դրամի բոնուսներ ստացողների անուն-ազգանուններն այդպես էլ չեն հրապարակվել: Հայտնի են միայն շահողների տվյալները, ում պարգևավճարների գումարը երկու տարվա ընթացքում չի գերազանցել 193 միլիոն դրամը, այսինքն՝ վիճակախաղի համար հատկացված ընդհանուր բյուջեի մոտ 5%-ը:
Ինչո՞ւ է ստեղծվել «Պարգևավճարների հիմնադրամը». ի՞նչ կուտակումներ եւ դրամական հոսքեր են իրականացվել դրա միջոցով
«Շահող կտրոն» վիճակախաղի կազմակերպման և շահումների տրամադրման համար կառավարության որոշմամբ 2008թ.-ին ՊԵԿ-ում ստեղծվել է «Պարգևավճարների հիմնադրամը»։ Հենց այստեղ էլ պետք է կուտակվեին պարգեւավճարների համար հատկացված գումարները, եթե որեւէ ամիս նախատեսվածից ավելի քիչ շահումներլինեին:
2009 եւ 2010թթ.-ին, երբ «Շահող կտրոն» վիճակախաղը նոր էր կյանքի կոչվել, շահումները դրամական էին՝ 2000-իցառավելագույնը 5 միլիոն դրամ: Որևէ մեկը այս երկու տարվա ընթացքում առավելագույն գումար չի շահել, քանի որ 5 միլիոն դրամ շահում ունենալու պահանջը խիստ է եղել. կտրոնի բոլոր թվերը պետք է համընկնեին վիճակահանության թվին: Հերթական խոշոր շահումը՝ 500 հազար դրամը, ևս հազվադեպ է գրանցվել: Որոշ ամիսների մարդիկ շահել են միայն 5 և 20 հազար դրամ:
Երկու տարվա շահումների այս ցանկին ծանոթանալիս՝ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ, հետևյալն էր՝ ի՞նչ են եղել չշահած գումարները:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Հետքի» այս հարցին պատասխանելիս՝ հերքեց, որ հիմնադրամում գումարային տեսքով կուտակումներ են եղել: Ավելացրեց նաև, որ կուտակում չէր կարող առաջանալ, քանի որ պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հայտ է ներկայացնում կառավարություն և ստանում այնքան գումար, որքան կազմում են այդ ամսվա շահումները:
Փոխնախարարի պարզաբանումը հակասում էր թե կառավարության որոշմանը, որը պարգևավճարների հիմնադրամը սահմանում էր որպես նախապես՝ վիճակահանությունից առաջ հայտարարված գումար, թե «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որով ամեն տարեսկզբին որոշվում է վիճակահանության բյուջեն:
Անճշտությունը պարզելու համար «Հետքը» հարցում ուղարկեց ՊԵԿ-ին՝ ստանալու «Շահող կտրոն» վիճակախաղի բյուջետային հաշվետվությունը: Այս փաստաթուղթը նույնպես փաստում է, որ Վախթանգ Միրումյանը մեզ ապատեղեկատվություն է տրամադրել: Պարգևավճարների ֆոնդը չի համալրվել ՊԵԿ-ի՝ կառավարությանն ուղարկված ամենամսյա հայտի համաձայն, այլ հաստատվել է տարեսկզբին:
ՊԵԿ-ի հաշվետվությունն էականորեն տարբերվում է մեր հաշվարկներից
Պետեկամուտների կոմիտեի՝ «Հետքին» տրամադրված հաշվետվությունում թվերը չափազանց ուռճացված էին։ Մենք ստիպված եղանք ինքներս հաշվարկել իրական շահումների գումարը՝ օգտագործելով ՊԵԿ-ի ամենամսյա շահումների մասին հրապարակումներում առկա թվերը:
Աղյուսակում ներառված տվյալները պետական եկամուտների կոմիտեի՝ խաղարկության մասնակիցների և նրանց պարգևավճարների չափի վերաբերյալ ամենամսյա պաշտոնական տեղեկատվության հանրագումարն է:
2009թ.-ին պարգևավճարների համար տրամադրված գումարը կազմում է մոտ 64 միլիոն դրամ, իսկ ՊԵԿ-ի տրամադրած հաշվետվության մեջ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը մոտ 1, 3 միլիարդ դրամ է:
Մանրամասները՝ hetq.am-ում: