«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր հայտարարեց, որ դեմ է իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Շարժման անդամ Արթուր Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ամեն կերպ խոչընդոտելու են իշխանության ձեռնարկած այդ գործընթացին:
«Մենք մեր աբողջ ուժերով պայքարելու ենք, որպեսզի իշխանությունները զբաղվեն իրական խնդիրների լուծմամբ, ոչ թե երկրում տեղի ունեցած քաոսը բարդեն գործող Սահմանադրության վրա: Տպավորություն է ստեղծվում, որ եթե նոր Սահմանադրություն ընդունեն, հայտնի մարզպետը կամ նրանց սիրելի մարդիկ նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ: Այսօր այնքան խնդիրներ կան, անպատժելիության մթնոլորտը, մարդկանց վատ ապրելու խնդիրը կա, որոնք լուծելու փոխարեն իրենք վերարտադրության խնդիր են դրել: Իրենց թվում է, թե հոսանքի խնդիրն ավարտել են, բայց հոսանքի խնդիրը դառնալու է իրենց կոկորդին ոսկոր, մենք ապահովելու ենք դա, որպեսզի նրանք չկարողանան այդ սահմանադրական փոփոխությունները հանգիստ իրականացնեն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե իրենց պայքարն, այդպիսով, այնուամենայնիվ, մտնելու է քաղաքական դաշտ, Արթուր Քոչարյանը պատասխանեց.
«Եթե խնդիրը դրված է երկրի թիվ մեկ քաղաքական դեմքի առաջ, այդ խնդիրը դառնում է քաղաքական: Թյուրըմբռնում կա այստեղ, մենք քաղաքացիներ ենք ու իրավունք ունենք քաղաքական պահանջ ներկայացնել»:
Հարցին, թե դուրս կգա՞ն պայքարի այն քաղաքական ուժերի հետ, որոնք արդեն Բաղրամյան 26-ում են եղել այս օրերին և Սերժ Սարգսյանի հետ քննարկել են սահմանադրական փոփոխությունների հարցը, նախաձեռնության անդամները պատասխանեցին.
«Հոսանքի խնդիրը բոլորին է վերաբերում, իսկ սահմանադրական փոփոխությունների գործընթացը դեռ չի սկսվել ու ընթացքում կերևա, թե պայքարն ինչ ֆորմատով կընթանա»: