տուն Լուրեր Ո՛չ կեղծ տվյալներ կային, ո՛չ հարստանալու եւ թաքցնելու փաստ. Ալեն Սիմոնյան

Ո՛չ կեղծ տվյալներ կային, ո՛չ հարստանալու եւ թաքցնելու փաստ. Ալեն Սիմոնյան

372
0

Օրեր առաջ Araratnews.amտեղեկացրել էր, որ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության  հիմքով:

Հիշեցնենք՝ փաստերի ստուգման հարթակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին մեղադրել էր իր հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար, սակայն Ալեն Սիմոնյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով:

Մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը նիստ էր գումարել:  Հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը գործի քննության արդյունքներով Ալեն Սիմոնյանի նկատմամբ կիրառել է ընդամենը նախազգուշացում՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

Էդգար Շաթիրյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանին նախազգուշացում է տրվել՝ իր պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրի լրացման պահանջները խախտմամբ ներկայացնելու համար:

Մեր դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հայտարարագրում կեղծ տվյալներ չկան, եւ  փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ապատեղեկատվություն, Էդգար Շաթիրյանն ասաց. «Վարույթը չէր հարուցվել կեղծ փաստերի հիմքով, հետևաբար, այդպիսի հարց չի էլ քննարկվել»:

Araratnews.am-ը զանգահարեց նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզաբանում լսելու: «Շնորհակալ եմ էթիկայի հանձնաժողովին քննության համար: Ուրախ եմ, որ փաստեցին այն, ինչ ի սկզբանե ակնհայտ էր. ո՛չ կեղծ տվյալներ կային, ո՛չ էապես հարստանալու և թաքցնելու փաստ: Իսկ ոմանք պետք է ամաչեն և հրապարակավ ներողություն խնդրեն»,- պատասխանեց ԱԺ փոխնախագահը:

Սոնա Դավթյան