տուն Լուրեր Ո˚րն էր Կառավարության՝ «Հրազդան ցեմենտին» տույժերից ազատելու մոտիվացիան

Ո˚րն էր Կառավարության՝ «Հրազդան ցեմենտին» տույժերից ազատելու մոտիվացիան

122
0

1454583215-1235

Մի քանի օր առաջ ԱԺ քվեարկության արդյունքում  քվորում չապահովվելու պատճառով տապալվեց  «Հրազդանի ցեմենտ» գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագծի երրորդ ընթերցման քվեարկությունը, երբ նիստին ներկա բազմաթիվ պատգամավորներ պարզապես չմասնակցեցին քվեարկությունը:

Հիշեցնենք, նախատեսվում էր «Հրազդան-Ցեմենտ» ընկերությանը  ազատել  2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Մի շարք պատգամավորներ մեղադրեցին սեփականատիրոջը, հարկային պարտավորությունների անբարեխիղճ կատարման մեջ, որի արդյունքում էլ ստեղծվել է այս իրավիճակը: Գործարանը շահույթ ապահովող ձեռնարկությունն է, ինչու˚ պետք է հարկային պարտավորությունների տույժերը դուրս գրվեն, անհասկանալի էր մնում պատգամավորների համար: Մեղադրանքներ հնչեցին, որ Կառավարությունը ընտրովի քաղաքականություն է վարում, հարկային արտոնություններ տրամադրելով շատ հաճախ ոչ անհրաժեշտ և չհիմնավորված դեպքերի համար:

Անշուշտ ցանկացած ձեռնարկության վատ մենեջմենթի և հարկային չարաշահումների պատճառով չպետք է որևէ հարկատու ազատվի իր հարկային պարտավորություններից, առավել ևս անհավասար մրցակցային նախադեպեր ստեղծվեն բիզնեսի համար, սակայն ունենք այն ինչ ունենք:

1. Նախ «Հրազդան-Ցեմենտի» անկայուն աշխատանքը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա:

2. Ընկերությունը նախատեսում է ընդլայնել ցեմենտի արտադրությունը՝ 2016 թվականի տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազ.տ (2014թ` 23,3 հազ.տ., 2015թ.` 75. հազ.տ) և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, որի համար անհրաժեշտ են զգալի միջոցներ: Արդյունքում  պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր:

3. Ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում և վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:  Այսինքն, ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 470-ից ավելի աշխատատեղերը: Եվ ձեռնարկությունը ընդհանրապես կկանգնի սննկացման և քայքայման եզրին:

Կառավարությունը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների արդյունքում նպատակահարմար գտել ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով` հնարավորություն ընձեռել Ընկերությանը շարունակելու արտադրական գործունեությունը, որի արդյունքում վերջինս կմարի պարտքի մայր գումարները:

Կառավարության պատճառաբանությունն էլ կարող է լինել այն, որ ձեռնարկության սննկացման դեպքում, մեղադրանքներ կհնչեն, թե ինչու Կառավարությունը ոչ մի անհրաժեշտ քայլեր չարեց Հրազդան քաղաքի, և ինչու ոչ՝ մեր երկրի համար  կարևոր ձեռնարկություններից մեկի՝ «Հրազդան ցեմենտի» փրկության  համար: