Դեռ նախորդ ամսվա սկզբից Հայաստանում գործող երեք օպերատորների ծառայություններից օգտվելու համար բաժանորդները ստիպված են միջնորդավճար վճարել: Կրպակներից լիցքավորման համար բաժանորդը որպես միջնորդավճար պետք է վճարի առավելագույնը 30 դրամ, իսկ լիցքավորման քարտերի համար՝ հավելյալ 50 դրամ:
Araratnews.am-ին «Յուքոմ» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններից տեղեկացրել էին, որ այդ տնտեսավարող սուբյեկտները՝ խանութներ, կրպակներ, ովքեր սկսել են միջնորդավճար վերցնել, իրենց վերահսկողության տակ չեն, իսկ իրենք միջնորդավճար գանձելու ոչ մի որոշում չեն կայացրել:
Խնդրի վերաբերյալ արդեն ուսումնասիրություն է սկսել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ ). «Այս պահին ուսումնասիրություն է ընթանում, և փորձում ենք հասկանալ, թե որքանով է այստեղ առկա մրցակցային օրենսդրության խախտում, ի՞նչ խնդիր կա, և որքանո՞վ է այդ խնդիրը մեր գերատեսչության կարգավորման դաշտում: Մենք տեղեկատվություն ենք պահանջել գերիշխող տնտեսավարողներից, և մեզ հետաքրքրող ինֆորմացիան ստանալուց հետո նոր կկարողանանք գնահատական տալ շուկայում ստեղծված իրավիճակին»,- մեզ հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը իրավասություն ունի վերահսկելու գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը, հետևաբար, դաշտում առաջնահերթության կարգով գտնվում են հենց նրանք. «Ուսումնասիրությունները պաշտոնապես սկսվել են փետրվարի կեսերից: Փետրվարի սկզբին եղան հրապարակումներ մի քանի վաճառակետերում լիցքավորման քարտերի թանկացումների մասին, բայց քանի որ հանձնաժողովը հսկիչ գնմամբ գերիշխող տնտեսավարողների մոտ է արձանագրում խախտումը, մենք որոշ սուպերմարքեթներ ուսումնասիրեցինք, և այդ պահին նրանց մոտ խնդիրն առկա չէր»:
Հանձնաժողովը որոշակի ժամկետ է տվել տնտեսավարող ընկերություններին` համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու համար. «Որից հետո արդեն հանձնաժողովը որոշում կկայացնի: Ուսումնասիրություններ կատարելու համար օրենքով ժամկետային սահմանափակում տրված չէ, այնուամենայնիվ, աշխատում ենք հնարավորինս արագ ժամկետներում ավարտին հասցնել, քանի որ խնդիրն առնչվում է սպառողների շահերին»: