տուն Uncategorized Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին

Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին

106
0

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արևելյան գործընկերություն 2020» խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։

Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, որի հետ մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի տարբեր խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ շփումները ամենատարբեր մակարդակներում՝ պաշտոնական, խորհրդարանականների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության խնդիրները։ Վ. Կարապետյանը հատուկ ընդգծել է այն նշանակությունը, որ Հայաստանի ղեկավարությունը տալիս է երկկողմ հարաբերություններին։ Լ. Դարսալիան նկատել է, որ փոխադարձ այցելությունների ինտենսիվությունը վկայություն է նաև վրաց իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալներ Սերգի Կապանաձեի և Գիա Վոլսկիի, Վրաստանի խորրդարանի պատգամավորներ Գեորգի Բարամիձեի ու Գեորգի Կանդելակիի հետ, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցի,  Հայաստանում Նիդերլանդների  և Շվեդիայի դեսպաններ՝ Յոհանես Դումայի և Ուլրիկ Թիդեստրեմի հետ:

Վրաց պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադարձ են կատարվել հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Վլադիմիր Կարապետյանը և Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նիդերլանդների դեսպան Յոհանես Դումայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև վիզաների ազատականացման շրջանակներում երկու երկրների պատկան գերատեսչությունների շփումների վերաբերյալ: Դեսպանը նշել է, որ Նիդերլանդներում կա ընդգծված դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ և կարևորել, մասնավորապես, երկու երկրների միգրացիոն ծառայությունների արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը այդ ուղղությամբ:

 Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ Վ.Կարապետյանը անդրադարձել է մի շարք ոլորտներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին։ Դեսպանը ջերմությամբ է խոսել ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Արարատ Միրզոյանի՝ Շվեդիա կատարած այցի և կայացած հանդիպումների մասին։

Բաթումում գտնվելու ընթացքում Վ. Կարապետյանը նաև այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հանդիպել գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի, հյուպատոսության անձնակազմի հետ։ Այնուհետև գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելել է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Տեր Արարատ քահանա Գամբալյանի ուղեկցությամբ այցելել են Վիրահայոց թեմի Բաթումի Մանթաշյանցի անվան  կրթամշակութային կենտրոն։