Երեկ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Araratnews.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նոյեմբերի 10-ին` ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:
«Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գտնվող բենզալցակայանի դիմաց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս և ծալովի դանակ: Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն ձեռքերով հարվածել է Հրանտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասացին ոստիկանությունից, հավելելով, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին` ժամը 1.30-ին, Տիգրան Պ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: