տուն Լուրեր Վիճաբանություն «Իմ քայլի» և ԲՀԿ-ի վստահված անձանց միջև

Վիճաբանություն «Իմ քայլի» և ԲՀԿ-ի վստահված անձանց միջև

86
0

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը շարունակում է տեղեկացնել Երևանի ավագանու ընտրություններում ընտրախախտումների, տեղամասերում աշխատանքների և այնի մասին:

Ըստ դիտորդական նախաձեռնության արձանագրության՝ ժամը 13:04-ին Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասում տեխնիկական սարքի խափանում է տեղի ունեցել: Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը տպվել է միայն այն ժամանակ, երբ ներկայացել է առաջին ընտրողը, իսկ տեղեկանքը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում սոսնձվել է ավելի ուշ:

Ավելի շուտ՝ ժամը 12:53-ին, նույն ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել է ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ժամը 11:43-ին էլ Կենտրոնի 9/24 ընտրատեղամասում ընտրության օրը քարոզչության դեպք է գրանցվել: Դիտորդը նկատել է, որ քվեախցիկի պատին մի քանի տեղում նշված է եղել 8 թիվը: Մինչ այդ դիտորդի կողմից քվեախցիկը ստուգվել է և քվեախցիկի պատին նման նշում չի եղել, ուստի վերջինիս կարծիքով՝ դա ընտրողի կողմից է կատարվել: Դիտորդը թիվը նկատելուց հետո թղթով ծածկել է թիվը:

Դիտորդի պահանջով խախտումը գրանցվել է գրանցամատյանում: