ForRights.am-ը գրում է.
Վիրավոր զինծառայող որդուն տեսնելու համար Վերակենդանացման բաժանմունքի միջանցքում Սեդա Ղուկասյանը սպասում է գրեթե մեկ ժամ։ Մոր այցելության պահին Նարեկը քնած է։ Բժիշկներն ասում են, որ նրան հիմա արթնացնել չի կարելի․ քնելը էներգիա է փոխանցում մարդուն։
Տիկին Սեդան մտախոհ է։ Աչքերը փակում է՝ մտքում շարունակելով զրույցը Նարեկի հետ, հետո՝ հայացքն ուղղում դեպի երկինք ու աղոթք հղում առ Աստված՝ որդուն առողջություն գթալով։
19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը 10 օր առաջ ականի պայթյունից գլխի ու պարանոցի շրջանում վնասվածքներ է ստացել, Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են մեկ աչքը։ Նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում որոտացած ականի պայթյունից է նա վիրավորվել, 3 զինծառայողները՝ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը մահացել են։
Նարեկ Հովեյանի կյանքը փրկվել է հրաշքով։ Կարծես՝ նա անմիջապես ականի հետ չի շփվել, այլ մյուս զինծառայողներին պարզապես օժանդակել է, փոքր ինչ հեռու է եղել։ Այս պահին Նարեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապաքինվում է, բժիշկների մշտական հսկողության ներքո է։
Միջանցքում այս ու այն կողմ անող մորը Վերակենդանացման բաժանմունքի բժիշկները վերջապես ավետում են՝ Նարեկն արթնացել է ու սպասում է նրան։ Տիկին Սեդայի անհանգստությունը տեսանելի է՝ սրտի աշխատանքն արագանում է, դեմքին ժպիտ է հայտնվում․ իր պաշտելիին է տեսնելու։ Նրա աչքերում վերստին փայլում է մայրական սերն ու քնքշությունը․․․որքա՜ն նվիրում կա այս կնոջ հայացքում։
Ձեռքում պահել է տանը պատրաստած սննդամթերքի փաթեթը, բայց դեռ չի կարող Նարեկի սիրած կերակուրները բերել, միայն՝ թեթև սնունդ է կարելի, որն ընդունում է հատուկ սարքի միջոցով։
Ռոբերտ Անանյան
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում