Spice Girls խմբի նախկին երգչուհի, մոդել, հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիան, դարձել է Միավորված ազգերի կազմակերպության ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով բարի կամքի դեսպան։ Նա աշխատելու է՝ նորածիններին այս հիվանդության փոխանցումը կանխելու ծրագրերում։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Բեքհեմը հայտնել է, որ իր կինն արդեն մի քանի տարի զբաղվում է բարեգործությամբ, իսկ ընտանիքն աջակցում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին, որը ստեղծվել է երգիչ Էլթոն Ջոնի կողմից։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում լուրջ ներգրավվելու որոշումը Վիկտորիան ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցից հետո։
«Հարավային Աֆրիկա այցելությունը շրջադարձային էր ինձ համար։ Չգիտեմ, թե ինչու միայն 40 տարեկանում հասկացա, որ, որպես մայր և կին, որոշակի պատասխանատվություն եմ կրում։ Պատրաստվում եմ ձայնս օգտագործել, որին ականջալուր են լինում մարդիկ», — ասել է Վիկտորիան։