տուն Լուրեր Շարմազանովը ձայնը բարձրացնելով՝ նկատողություն արեց Փոստանջյանին

Շարմազանովը ձայնը բարձրացնելով՝ նկատողություն արեց Փոստանջյանին

109
0

13061985_10208961170888647_3374860855990108907_n

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Ընտրական օրենսգրքով ներկայացված դրույթները չեն բխում մեր հանրության շահերից. ԱԺ-ում իր ելույթում նշեց ինքը` Փոստանջյանը:  «Ես նորից ստիպված եմ անդրադառնալ մեր դասականներին և հիմա կցիտեմ Ռաֆայել Պատկանյանին, որովհետև շուրջ 125 տարի առաջ գրված իր վարդապետությունը Հայաստանի ազատագրման մասին այսօր արդիական է: Ի՞նչ պատճառով հայոց անկախությունը չորս անգամ կորցվեց և նա պատասխանեց, որ հայերի անկախությունը չորս անագամ կորչելու պատճառները նույն էին՝ նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 նախարարների և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ՝ հայերի խելքը չկտրեց ազգային օրենքներ հորինել, և հայոց ազգը չուներ ոչ օրենք, ոչ սեփական հող: Հիմա նույնն է ստացվում,  քանի որ, փաստորեն մենք չկարողացանք ունենալ այնպիսի օրենսդրություն և քաղաքական կառուցվածք, որ իր մեջ կընդգրկի հանրության բոլոր շերտերը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց ազգային անվտանգության այն սպառնալիքին, որի առաջ մենք կանգնած ենք՝ լայնածավալ պատերազմական գործողությունների սպառնալիքի շեմին, չունենալով կոնսենսուս քաղաքական հարցերում»,- ասաց նա:

Ըստ Փոստանջյանի՝ ժամանակն է, որ ՀՀ-ն ունենա ժամանակավոր կառավարություն, որը  կկազմակերպի օրինական ընտրություններ , որի միջոցով կձևավորվի օրինական իշխանություն:

Նա անդրադարձավ նաև օրեր առաջ ՊՆ պաշտոնանկ արված 3 բարձրաստիճան անձանց և նկատեց, որ առ ասյօր որևէ հիմնավորում հանրությանը չի ներկայացվել: « Կարծում եմ՝ հրաժարական պետք է տային ոչ թե 3 նախարարները, այլ Սերժ Սարգսյանը, որի պատճառով մենք չեն կարողացել պաշտպանել մեր սահմանները և մեր երիտասարդների կյանքի շնորհիվ կարողացել ենք զսպել Ադրբեջանի ագրեսիան: «Այդ լայնածավալ պատերազմում եթե չունես օրինական  իշխանություն, ապա չես կարող իրականացնել ճկուն քաղաքական և դիվանագիտական և ռազմական գործողություններ: Ես միակն էի, որ դեմ քվեարակեցի ՌԴ-ից սպառազինության դիմաց 200 միլիոն վարկին և այսօր ապացուցվում է, որ ոչ վարկն է տրամադրված, ոչ էլ սպառազինությունը: Մենք միակողմանի արտաքին քաղաքականություն վարելով մեզ զրկեցինք այլընտրանքերից: Այսօր մենք արդեն պետք է ճանաչած լինեինք Արցախի անկախությունը, սակայն չճանաչեցինք: Սերժ Սարգսյանը նշանակված է և չի կարողանում ինքնուրույն քաղաքականություն իրականացնել»,- ընդգծեց Փոստանջյանը՝ հավելելով, որ որևէ մեկն իրավունք չունի բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ և հող հանձնել:

Փոստանջյանի ելույթը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ , ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին: Շարմազանովը բորբոքվեց և բղավելով սկսեց պատասխանել Զարուհի Փոստանջյանի խոսքերին: « Ես խնդրում եմ խոսել օրենքի նախագծից, տիկին Փոստանջյան: Հարգելիս, Դուք այստեղ արտոնյալ չեք: Երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մեր ինքնապաշտպանական ուժերը՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասել են հաջողության: Կանխվել է Ադրբեջանի հարձակումը, Ադրբեջանը պարտվել է, իսկ դուք ստեղ ի՞նչ եք բողոքում: Բացի դա՝ մեզնի՞ց եք պաշտպանում Ղարաբաղը, չի կարելի, էլի»,-  արձագանքեց Շարմազանովը:

Իր ելույթում Զարուհի Փոստանջյանի մասին խոսեց նաև մյուս Հանրապետական Խոսրով Հարությունյանը: Նա շեշտեց, որ եթե Փոստանջյանի ելույթը հեռարձակվեր Ադրբեջանի միլի մեջլիսում, ապա այն բուռն ծափահարություների կարժանանար.«Ոչ թե նրա համար, որ դուք քննադատեցիք Հայաստանին , այլ նրա համար, որ Դուք հնչեցնում եք թեզեր, որոնք սպասելի են ադրբեջանական քարոզչամեքենայի համար»,- բղավելով ասում էր ՀՀԿ-ական պատգամավորը և շեշտում,  թե Զարուհի Փոստանջյանը ռազմական գործից բան չի հասկանում: Մյուս հանրապետականներից հետ չմնաց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը.«Նման դավաճանական ելույթներ լսում են միայն թուրքական մեջլիսներում: Ինձ թվում է ՝ այս կնոջ մոտ տրամադրություն է ձևավորվել, որ մենք ամեն օր հավաքվում ենք այս դահլիճում, որպեսզի լսենք նրա ծուղրուղուն»:

Պատգամավորների միջեւ վիճաբանությունը տեւական ժամանակ չէր հանդարտվում: