Քառօրյա պատերազմում հրազենային ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանը առաջիկա օրերին կմեկնի Գերմանիա՝ բուժվելու: Նրա մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատմեց, որ Ռուբենն անշարժունակ է, հրազենային վնասվածքը վնասել է ողնուղեղը: «Վերջույթները չեն գործում, չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը»:
Ասուլիսին ներկա Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ Հայաստանում բոլոր բժիշկներն իրենց հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են, բայց դա բավարար չէ այս տղաների ֆիզիկական հնարավորությունները վերականգնելու համար: Գերմանիայում էլ Ռուբենին հարյուրտոկոսանոց վերականգնում չեն խոստացել: «Կվերականգնվի առողջության 70 տոկոսը: Բուժման համար արդեն փոխանցվել է անհրաժեշտ գումարը, տոմսերը պատվիրվել են»:
Տիկին Բախշյանը դժգոհեց նաեւ զինվորների համար ստեղծված «Մարտիկ» հիմնադրամից. «Մեկ միլիոն դրամ Արման Լազգիյանին է փոխանցել (խմբ. Արմանն էլ էր ողնուղեղի վնասվածք ստացել քառօրյա պատերազմում ու այժմ մեկնել է Գերմանիա), մեկ միլիոն դրամ էլ Ռուբենին է տրամադրել, այն դեպքում, երբ հիմնադրամի 2015 թվականի մայր գումարից ստացված տոկոսը մոտ 49 միլիոն դրամ է կազմում: Ես առաջարկեցի հիմնադրամի ղեկավար Աղաբեկյանին՝ առաջին հինգ ամսվա տոկոսը տալ տղաներին, այն կազմում էր քսան միլիոն դրամ, բայց չտվեց՝ մեկ միլիոնը տվեց: Դե թող պարոն Աղաբեկյանն ինձ ասի, ուզում եմ «Մարտիկ» հիմնադրամ ներդրումներ անեմ, կա՞ հաշվեհամար, ինչքան հետաքրքրվել եմ՝ հաշվեհամար չեմ գտել, հետեւաբար, իրավունք ունեմ հարցնել՝ ուր են «Մարտիկի» գումարները»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: