Ազգային ժողովի նիստի ժամանակ ելույթ ունեցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ըստ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ներկայացնի անցած տարվա հաշվետվությունը: «Վերահսկիչ պալատի նախագահի հիվանդանալը, կամ երկրից բացակայելը ուղիղ կապ չունի 81-րդ հոդվածի հետ: Սեյրան Ավագյանի պրոֆեսիոնալիզմը ես չեմ հերքում: Խոսքը Սեյրան Ավագյանի մասին չի, այլ Ազգային ժողովի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Հիմա ի՞նչ, հիմա հանձնաժողով կազմակերպենք ու գնանք տեսնելու, թե ինչպե՞ս է Վերահսկիչ պալատի նախագահողը որտե՞ղ է հիվանդ պառկած, երբ կառողջանա: Ես չեմ ուզում ոչ մի խաղի մեջ մտնել: Ես ուղղակի տեսնում եմ, որ իմ նկատմամբ և այն մարմնի նկատմաբ, որտեղ ես հիմա կանգնած եմ, նվաստացուցիչ վերաբերմունք է դրսևորվում:
Այդ ինչպես է եղել, որ տարին մեկ պետք է լսենք Վերահսկիչ պալատի զեկույցն ու այդ օրը նա կամ գործուղման է կամ էլ հիվանդ է: Կներեք ո՞ւմ աչքերին եք թոզ փչում: Ինչ-որ ճղճիմ, անմակարդակ քաղաքական հաշվարկ եք անում և բերում, ներկայացնում եք, կարծեք թե հենց այսօր ու հենց այս պահին պետք է այդ հաշվետվությունը ներկայացվի: Հիմա գործընկերներս էլ ասում են, թե ընդդիմության բոյկոտը խարխլում է պետությունը: Իմ ներկայիս բոյկոտը հիմա անում եմ, որ ձեր հեղինակությունը փրկեմ ու ձեզ այս օրը չգցեն: Մենք ուղղակի կնոպկա սեղմողներ չենք, որ ինչ-որ 5 հոգի որոշումներ կայացնեն, մենք էլ մեր գործը անենք՝ կնոպկա սեղմենք:
700 միլիարդ դրամը գտնվում էր ռիսկային գոտում՝ ըստ Վերահսկիչ պալատի նախագահի անցած տարվա հաշվետվության: Հիմա ինչ ենք անում մենք փաստի հետ կապված՝ ոչ մի բան: Մալուխները գնվել էին 30 անգամ ավելի թանկ, քան մեր խանութներում էր: Դրա հետ ինչպես պետք է վարվենք: Այն որ Վերահսկիչ պալատի նախագահը էստեղ լիներ՝ ես կհարցների այս դեպքերի մասին: Իսկ չեն եկել նրա համար, որովհետև այդ հարցերի պատասխանները չկան: Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ՝ եթե չի եկել, հաշվետվությունը չի ներկայացրել, ուրեմն կարող է ճշմարտությունը պահել: Ոչ, չի կարող: Ճշմարտությունը Ազգային ժողովի ամբիոնից ևս չի հնչել: Ճշմարտությունը կհնչեր այն ժամանակ, երբ Վերահսկիչ պալատի նախագահը գար և հրաժարվեր իր պաշտոնից՝ ասելով, որ ինքը «գոլորշի բաց թողնող պալատի» նախագահ չի կարող լինել այլևս, քանի որ խնդիրները առաջ է քաշում, իսկ մենք չենք կարողանում լուծել դրանք: Ես գիտեմ ինչպես է կատարվում կոռուպցիան, ատկատը, հանցագործությունները. բացառապես իշխանությունների հովանու ներքո, ու ոչ մեկ չի կարողանում նրանց վերահսկել»: