ԱԺ-ում շարունակվում է «ՀՀ վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության»շուրջ քննարկումները: Հաշվետվության շուրջ իր ելույթում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ վերահսկիչ պալատը ոչ միայն պետք է ընթացիկ հաշվետվություն ներկայացնի խորհրդարանում, այլև պետք է ներկայացնի քննարկված թեմաների ամփոփ նկարագիրը և սահմանի վերահսկողական գործառույթ:
«Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրները կապված են բյուջետային ծրագրավորման համակարգին անցում կատարելու հետ: Այս տեսանկյունից վերահսկիչ պալատի գործունեության վերաիմաստավորման կարիք կա: Բացի այդˋ խնդրահարույց է նաև վերահսկիչ պալատի կիրառած երեք տիպի աուդիտի գործիքները: Պալատը կիրառում է համապատասխանեցման, ֆինանսական և արդյունաբերության աուդիտ: Եթե առաջին երկուսն ունեն իրենց հստակ չափորշիչներն ու նկարագիրը, ապա արդյունաբերության համար մենք առայժմ ոչ մի նման չափորոշիչ չունենք, ուստի այն իմաստազրկվում է»,-իր ելույթում նշեց Գ. Մինասյանը:
Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ ծախսերի բյուջետավորմանն անցնելուց հետո յուրաքանչյուր ծրագիր կունենա իր չափորոշիչները, կատարողական, ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցնիշները: Վերջիններիս առկայությամբ վերահսկիչ պալատի համար չափազանց հեշտ կլինի պարզել թե արդյոք տրամադրված ֆինանսական հատկացումները ծառայել են ըստ նպատակի: