hetq.am: -ը գրում է.
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծել է ստանդարտներից շեղվող ինչ-որ ջրաչափեր, որոնք որևէ կերպ չպետք է համապատասխանեին չափման միջոցների համար սահմանված պահանջերին և չպիտի թույլատրվեր այդ ջրաչափերի շահագործումը։
Մինչդեռ, ընկերությունն այդ ջրաչափերը տեղադրելով ոչ միայն փոխարինում է մեր՝ բաժանորդներիս կողմից նախկինում ձեռքբերված ջրաչափերը, այլև, շատ դեպքերում, ջրաչափեր տեղադրելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն «կատարում է» վարձակալության պայմանագրով իր վրա դրված Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը /ՊԿԱԾ/, մեկ հատ ջրաչափի համար որպես կատարողական ներկայացնելով 15 000 դրամ արժեքը։ Իսկ ՊԿԱԾ-ը ոչ այլ ինչ է, քան ՀՀ ջրային համակարգում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներդրում։ Ստացվում է, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն
միայն այս մասով տարեկան պետությանը հասցնում է առնվազն 300-500 մլն ՀՀ դրամի վնաս։
Կառավարությունը 29.01.2016 թ. N 60-Ն որոշմամբ սահմանել է, որ ջրի հաշվիչը դա սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոց է, որը ենթակա են առաջնային ստուգաչափման Կարգի 11 կետի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն։
Հրապարակումը չծանրաբեռնելով օրենսդրական ձևակերպումներով ու կարգավորումներով, ամրագրենք, որ
- ջրաչափերի ստուգաչափումը գործող օրենսդրության պահանջների համաձայն պետք է իրականացնի Չափագիտության ազգային մարմինը՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՉԱԻ) կամ ստուգաչափման իրավունք ստացած լիազորված կազմակերպությունները,
- բոլոր ջրաչափերը ենթակա են առաջնային ստուգաչափման,
- առաջնային ստուգաչափումն իրականացվում է արտադրությունում թողարկված, ներմուծված, նորոգման ենթարկված կամ նախկինում չստուգաչափված յուրաքանչյուր ջրաչափի համար, բացառությամբ այն ջրաչափերի, որոնց ստուգաչափումը կատարվել է այլ երկրի արտադրողի մոտ և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը։
- Եթե ՉԱԻ-ին գնահատել է արտադրող կազմակերպության որակի համակարգը և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին, ինչպես նաև կամայական ընտրությամբ 10 ջրաչափերի չափման սխալանքը չի գերազանցում թույլատրելի առավելագույն սխալանքի կեսը, ապա ջրաչափի առաջնային ստուգաչափման ժամանակ ՉԱԻ-ն կարող է մնացած ջրաչափերի սխալանքը որոշել միայն չափման անվանական արժեքում (մասնակի ծրագրով ստուգաչափում)։
Այժմ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի անմիջական մասնակցությամբ իրականացվող խախտումներն ու մեքենայությունները ներկայացնենք առանձին բաժիններով։
Բաժին ա/ Ջրաչափերի ներմուծում և առաջնային ստուգաչափում:
Հայաստան է մատակարարվել ինչ-որ անհասկանալի, «մուտանտ» սարք ու անվանակոչվել ջրաչափ
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-22-Ն) հոդված 2-ի 1-ին մասի 9-րդ կետով տրվում է
չափման միջոցի սահմանումը, այն է` չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ։ Օրենսդիրը Օրենքի հոդված 2-ի 1-ին մասի 11-րդ կետով էլ սահմանում է, որ չափման միջոցների ստուգաչափումը դա գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները: Չափման միջոցների ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թ. փետրվարի 19-ի թիվ 133-Ն հրամանով հաստատված «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի համաձայն՝ չափման միջոցի (ՉՄ) ստուգաչափումն իրականացնում են ՉԱԻ-ն և Կառավարության սահմանած կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք (այսուհետ` Լիազորված կազմակերպություն)։ Մյուս կողմից՝ Կառավարությունը 2012 թ. հուլիս 4-ի թիվ 882-Ն որոշմամբ չափագիտության լիազոր մարմին է ճանաչել էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ՀՀ-ում Չափագիտության ազգային մարմին՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն։
2017-2019 թվականների ընթացքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծել է 4 անուն ջրաչափ՝ հետևյալ քանակությունների.
- “MTR Series” Elster
- “H5000” Elster
- “S150” Elster Iberconta
- “SJ-SDC” NWM
Մենք հարցում կատարեցինք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին և ՀՀ ՊԵԿ-ին, ճշտելու , թե «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից քանի հատ ջրաչափ է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն և դրանցից քանիսն է այս պահի դրությամբ տեղադրված բաժանորդների մոտ, սակայն երկու կառույցներն էլ այն կարծիքին են, որ ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է առևտրական գաղտնիք, ուստի դրանք ենթակա չեն տրամադրման։
Ինչևիցե, բաց աղբյուրներում հասանելի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզել ենք, որ ներմուծված ջրաչափերից առաջին երկուսը խոշոր տրամաչափի են և հիմնականում օգտագործվում են խոշոր սպառողների մոտ, որոնց ներանցման խողովակների տրամագիծը բավականին մեծ է։ Ինչ վերաբում է մյուս 2 տեսակներին, ապա դրանք հիմնականում տեղադրվում են բնակիչ-բաժանորդների մոտ ու հանդիսանում են մեր հետաքրքրության առարկան։
Elster Iberconta “S150”
ջրաչափերն ունեն եվրոպական MID-ին համապատասխան R160 (նախկին C կարգին համարժեք) դասակարգում, եթե տեղադրվում են հորիզոնական դիրքով (R160H), սակայն ուղղահայաց տեղադրման դեպքում դրանք էականորեն գցում են իրենց բնութագրիչները՝ համարժեք դառնալով նախկին A դասին (R50V)։ R160-ի և R50-ի հիմնական տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում ծախսի նվազագույն արժեք (Q1) հավասար է 15.63լ/ժ-ի, ապա երկրորդի դեպքում՝ 50լ/ժ-ի։
Իսկ որքան որ փոքր է Q1 մեծությունը, այնքան ճշգրիտ է ջրաչափի աշխատանքն ու ջրամատակարարի կողմից ձևավորվող հասույթը։ Ակնհայտ է, որ հատկապես բազմաբնակարան շենքերում տեխնիկական հնարավորություններից ելնելով հնարավոր չէ կազմակերպել ջրաչափի հորիզոնական դիրքով տեղակայում, իսկ նման դեպքերն իրենց տեսակարար կշռով զգալի են, ուստի նման տեսակի ջրաչափերի ձեռքբերումն ու ուղղահայաց հոսքի պայմաններում տեղադրումը համարվում է անտեղի շռայլում։
Ավելին, 2016 թ. նոյեմբերի 16-ին Վեոլիա Օ-«Կոմպանի Ժենեղալ դե Օ», Ֆրանսիա («ԿԺՕ») և ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև կնքված
վարձակալության պայմանագրի հավելված 2-ի 7.2 կետով սահմանվել է, որ ջրաչափերը դիտարկվելու են ջրային ենթակառուցվածքի մաս՝ հանդիսանալով վարձակալության ենթակա գույքի մաս։ Եվ, հետևաբար ուղղահայաց հոսքի պայմաններում տեղադրված և ցածր արդյունավետություն ունեցող ջրաչափերը ուղղակի հակասում են նույն վարձակալության պայմանագրի հավելված 2-ի 7.3-ով «Վեոլիա ջուր» ՓԲԸ վրա դրված պարտավորությանը, այն է. «Ջրաչափը պետք է նախագծված, արտադրված և տեղադրված լինի լավագույն արդյունաբերական պրակտիկային համապատասխան կերպով»։
Արտադրողի կողմից 2017 թ. համար հրապարակված գնացուցակում Elster Iberconta “S150” տեսակի ջրաչափի միավորի եվրոպական մանրածախ գինը 55.63-ից 72.56 Եվրո է, որը համարժեք է 31 500–40 000 ՀՀ դրամի։ Հետևաբար, եթե այս ներդրումն արդարացված է հորիզոնական հոսքի պայմաններում տեղադրելիս, ապա ակնհայտ գումարի վատնում է, երբ ջրաչափն ուղղահայաց դիրքով է տեղակայվում։
Ջրաչափի այս տեսակն ունի համապատասխանության RD 889/2006 վկայական (MID 2004/22/EC), ասել է թե ՉԱԻ-ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իր կողմից գնահատված է արտադրող կազմակերպության որակի համակարգը և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին, կարող է նման ջրաչափերի ստուգաչափումն իրականացնել մասնակի ծրագրով։ Նշենք նաև, որ Elster Iberconta “S150” ջրաչափերն ունեն ԻՍՕ 4064-1։2014 ստանդարտի պահանջներին բավարարող մակնշում: