Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Արմենիա Թի Վի» և «Յուքոմ» ընկերությունների միջև, համաձայն որի սեպտեմբերի 14-ից հեռարձակվելու են 6 նոր Արմենիա հեռուստաալիքներ՝ յուրաքանչյուրն իր հատուկ և հետաքրքիր բովանդակությամբ:
ԱՐՄԵՆԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ ալիքով հեռարձակվելու են «Արմենիա Թիվի»-ի բոլոր ծրագրերը HD որակով՝ առանց գովազդային ընդմիջումների: Եվս մեկ շատ կարևոր հանգամանք` բոլոր հեռուստասերիալներն ու սիթքոմները եթերում կլինեն 1 օր շուտ: Իսկ ֆուտբոլասերներին կուրախացնի այն փաստը, որ Չեմպիոնների Լիգայի մրցաշարի կենտրոնական հանդիպումները ցուցադրվելու են Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում:
ՀԱՅԿԻՆՈ՝ այստեղ հեռարձակվելու են հայկական կինոարտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները:
ՋԱՆTV, որտեղ 24 ժամ շարունակ հեռարձակվելու են հայկական երգարվեստի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչների երգերը, տեսահոլովակները, ինչպես նաև կենդանի ձայնով և նվագակցությամբ բացառիկ համերգները:
ՔՈՄԵԴԻ՝ հայկական հումորի բոլոր ներկայացուցիչները՝ իրենց հաղորդումներով, սերիալներով, մանրապատումներով, կատակերգական ներկայացումներով, շոու-ծրագրերով և համերգային շրջագայությունների նկարահանումներով:
ՏՈՒՆՏՈՒՆԻԿ՝ հեռարձակվելու են մուլտֆիլմեր, ընտանեկան դիտման համար նախատեսված ֆիլմեր, մանկական ճանաչողական և զվարճալի հեռուստածրագրեր:
ՍԻՆԵՄԱՔՍ՝ հեռարձակվելու են HD որակով գեղարվեստական կինոնկարներ, որոնց ցանկը լրացվելու է ամեն օր:
Բոլոր վեց ալիքները առայժմ կհեռարձակվեն բացառապես «Յուքոմի» հեռուստաեթերով: Ալիքները ավելանալու են U!TV և Triple Play փաթեթների բոլոր բաժանորդների համար առանց որևէ հավելյալ վճարի: