Ազգային ժողովի պատգամավոր, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարված վայրագությունների փաստերը իրենց մեջ պարունակում են պատերազմական հանցագործության հատկանիշներ, իսկ պատերազմական հանցագործության հետ կապված տեղեկատվությունը մի օր օգտագործվում է տվյալ պետության իշխանությունների դեմ, մի օր նրանք կանգնում են դատարանի առջև: «Շատ լուրջ աշխատանք պետք է տանել դիվանագիտական հարթակներում, նաև տեղի ունեցածը փաստաթղթավորելու համար: Միջազգային քրեական դատարան մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, որովհետև ոչ մենք ենք անդամ հանդիսանում, ոչ Ադրբեջանը, բայց ՄԱԿ ԱԽ-ն կարող է դիմել միջազգային քրեական դատարան՝ քննությունն անցկացնելու հետ կապված», — ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ առնվազն միամիտ պետք է գտնվել հավատալու, որ ՄԱԿ ԱԽ-ն նման որոշում կկայացնի, բայց այն որ մենք այդ փաստերը պետք է հավաքենք և նշված հարցը քննարկման առարկա դարձնենք, դա արդեն մեծ աշխատանք կլինի: «Նշված հարցը քննարկելը արդեն բավարար է, որ միջազգային հանրության մոտ լինի բավարար ապացույցներ, որ Ադրբեջանը հանցագործություններ է իրականացնում»,- ասաց Մարուքյանը: