տուն Լուրեր Վատ է. «Մեղեդիի» սեփականատերը՝ սրճարաններն ապամոնտաժելու մասին

Վատ է. «Մեղեդիի» սեփականատերը՝ սրճարաններն ապամոնտաժելու մասին

132
0

Օպերայի հարակից տարածքը Երեւանի քաղաքապետարանը կազատի սրճարաններից Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացի համար: Սրճարաններից մեկը՝ «Մեղեդին», ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, գործարար Միքայել Մանուկյանինն է: Araratnews.am-ի հետ զրույցում Միքայել Մանուկյանը քաղաքապետարանի որոշումը վատ համարեց: «Ասում են՝ շահագրգռենք ներդրումները, մյուս կողմից էլ՝ կայացած բիզնեսները, երեւանցիների սիրված վայրերից մեկը ուզում են քանդել»,- ասաց սրճարանի սեփականատերը:

Մեր դիտարկմանը, թե նպատակը Երեւանում կանաչ տարածքների վերականգնումն  ու զարգացումն է, Միքայել Մանուկյանն նկատեց. «Երեւանի քաղաքապետարանի բալանսում եղած կանաչ տարածքները պահո՞ւմ են, հետեւո՞ւմ են այնպես, ինչպես սեփականատերերն են մշակում դրանք: Եթե կարողանալու են՝ խնդրեմ»:

«Իսկ ըստ Ձեզ՝ կկարողանա՞ն»,- հարցրինք նախկին պատգամավորին:

«Կկարողանան, ինչու չէ»,- պատասխանեց  նա:

Փաստորեն, Միքայել Մանուկյանին անհանգստացնում է, որ այս որոշումը լավ «մեսիջ» չէ միայն ներդրողներին: Ի պատասխան սրճարանի սեփականատերն ասաց, որ այլ խնդիրներ եւս կան, օրինակ՝ սրճարանի սեփականատերերի պայմանագրերի ժամկետը քաղաքապետարանի հետ:  «Մեղեդիի» պայմանագրի ժամկետը մինչեւ 2026 թվականն է: Ընկերությունը վարկեր ունի փակելու, ներդրումներ է արել: Ու հիմա՝ այսպիսի որոշում: Քաղաքային իշխանությունը պե՞տք է հաշվի առնի սա, թե՞ թքած ունեն մարդկանց  գործի վրա»,- մանրամասնեց բիզնեսմենը:

Միքայել Մանուկյանը չբացառեց, որ գուցե սրճարանների սեփականատերերը դատի տան Երեւանի քաղաքապետարանին այս որոշման  համար:

Սոնա Դավթյան