տուն Լուրեր Վարկավորման ցածր ակտիվությունը նպաստավոր չէ տնտեսական աճի համար

Վարկավորման ցածր ակտիվությունը նպաստավոր չէ տնտեսական աճի համար

103
0

07998c91f49375cc459a9975e648e8fa

Հայաստանի վարկային շուկան այս տարի այնքան էլ նպաստավոր չէ տնտեսության համար։ Անցած տարվա վերջին արձանագրված կտրուկ դրսեւորումներից հետո շուկան մինչեւ այժմ չի կարողանում ուշքի գալ։

Բանկերի վարկային պորտֆելը նախորդ տարվա վերջի համեմատ նվազել է շուրջ 100 մլրդ դրամով։ Ընդ որում, կրճատվել են ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերը։

Եթե 2014թ. դեկտեմբերին բանկերի վարկային ընդհանուր պորտֆելը գերազանցում էր 2 տրիլիոն 188 մլրդ դրամ, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 88 մլրդ դրամ։ Դրամային վարկերի պորտֆելը բանկերում այդ նույն ժամանակահատվածում պակասել է գրեթե 30 միլիարդով, տարադրամայիններինը՝ 70 միլիարդով։

Վարկային շուկայում տեղի ունեցած այս դրսեւորումները վկայում են, որ շուկան շարունակում է գտնվել պասիվացման փուլում։ Տնտեսության մեջ բանկերի կողմից իրականացված վարկային ներդրումների ծավալը ոչ միայն չի վերականգնել նախորդ տարվա մակարդակը, այլեւ բանականաչափ զիջում է այն։

Սա խնդիր է, որին Հայաստանի տնտեսական աճի  կանխատեսումների ներկայացման ժամանակ օրերս անդրադարձավ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը։ Վերջինիս կարծիքով, տնտեսական աճի վրա ազդող հիմնական գործոններից մեկն էլ դարձել է  վարկավորման թույլ ակտիությունը։

Որքան էլ բանկային կապիտալի արդյունավետությունը տնտեսության համար բավականաչափ ցածր է, չափազանց թանկ լինելու հետեւանքով, այնուհանդերձ, այն հանդիսանում է ֆինանսական միջոցների բացը լրացնելու հիմնական աղբյուրը։ Այնպես որ, վարկային ռեսուրսների սահմանափակ լինելը դարձել է Հայաստանի տնտեսության ակտիվացման հիմնական խոչընդոտներից մեկը։

Թեեւ արժութային շուկան Հայաստանում համեմատաբար կայուն է, որոշակի տատանողականությամբ հանդերձ, այնուհանդերձ հասարակության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ շարունակում է խոցելի լինել։ Դրա վկայություններից մեկն էլ ավանդային շուկայում տեղի ունեցող դրսեւորումներն են։ Պատահական չէ, որ բանկերում պահվող հասարակության խնայողությունները վերջին ամիսներին դարձյալ սկսել են նվազել։

Այդ երեւույթը նկատվեց հատկապես օգոստոսին։ Բանկային ավանդները մեկ ամսվա ընթացքում կրճատվեցին 14 մլրդ դրամով։ Ընդ որում, դա արտահայտվեց գերազանցապես դրամային ավանդների մասով։ Ազգային արժույթով պահվող խնայողությունները օգոստոսին կրճատվեցին 16 միլիարդ դրամով։ Արժութային շուկայի տատանողականության ակտիվացումն, ըստ էության, թուլացրեց ազգային արժույթի նկատմամբ բնակչության վստահությունը։ Ինչքան էլ դրամային ավանդների ներգրավման տոկոսադրույքներն անհամեմատ ավելի բարձ են, այնուհանդերձ դա կարծես այնքան էլ չի գայթակղում ավանդատուներին։

Այս ամենից բնականաբար տուժում է տնտեսությունը, որը չի կարողանում բավարարել ֆինանսական միջոցների կարիքը։ Արժութային շուկաների անկայունության եւ բարձր ռիսկայնության պայմաններում տնտեսությանն անհրաժեշտ են առաջին հերթին դրամային միջոցներ։ Բայց դրանց ծավալները նվազում են՝ մեծացնելով ճնշումը տնտեսության կապիտալացման եւ աճի վրա։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ