տուն Լուրեր Վառելիքի տեսակների, օղու, ծխախոտի հարկերի դրույքաչափերը կբարձրանան. ԵՏՄ-ի «օգուտները»

Վառելիքի տեսակների, օղու, ծխախոտի հարկերի դրույքաչափերը կբարձրանան. ԵՏՄ-ի «օգուտները»

132
0

vaxtang-mirumyan

Օրենսդիր մարմինը քննարկում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով Կառավարությունն առաջարկում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հստակեցրեց՝ խոսքը վերաբերում է մասնավորապես օղու և ծխախոտի արտադրանքի համար սահմանված ակցիզայի հարկի դրույքաչափերին: Որպես հիմնավորում նշվեց. «ԵՏՄ անդամակցության շրջանակներում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամակցող երկների ակցիզայի հարկի դրույքաչափերը՝ ալկոհոլային խմիչքների  և ծխախոտի արտադրանքի մասով»:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում այդ ապրանքատեսակների  դրույքաչափերը շուրջ 4 անգամ ցածր են  ԵՏՄ անդամ մյուս երկրներում գործող դրույքաչափերից, հետևապես առաջարկվում է 10 տոկոսով ավելացնել ծխախոտի և օղու արտադրության դրույքաչափը:

«Նախագիծը չի վերաբերում կոնյակին և գինուն՝ հաշվի առնելով այս ոլորտների գերակայությունը երկրի տնտեսության զարգացման գործում»,- նշեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Վառելիքի տեսակների ակցիզային հարկերի դրույքաչափերը ևս կվերանայվեն:

«Մասնավորապես բենզինի, դիզելային վառելիքի և որպես վառելիք օգտագործվող սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերի մասով նախատեսվում է հետևյալը. բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը սահմանված է 112 հազար դրամ, իսկ դիզելային վառելիքի համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է 32 հազար 500 դրամ: Նախագծով ռաջարկվում է բենզինի համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանել 120 հազար դրամ մեկ տոննայի համար, դիզելային վառելիքի համար 32 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 35 հազար դրամ, իսկ ավտոգազալցման կայանների կողմից իրացվող սեղմած գազի 1000 խորանարդ մետրի համար՝ 8330 դրամ»,- տեղեկացրեց պարոն Միրումյանը:

Միրումյանի խոսքով՝ նախատեսվող բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս դրույքաչափերը գործում են դեռևս 2006 թ-ից, և այդ ժամանակահատվածից սկսած բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացում է տեղի ունեցել շուրջ 41-52 տոկոսով, բայց քանի որ համախմբված դրույքաչափերը արժեքային չեն, այլ հաստատված են որպես սպեցիֆիկ դրույքաչափեր, դրանց տեսակարար կշիռը գնալով նվազել է այդ ապրանքների մեջ, հետևաբար առաջարկվում է մասնակիորեն վերականգնել այդ ակցիզային հարկի գումարների անկումը:

Նախագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2016թ-ի հունվարի 1-ից՝ հաշվի առնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքը:

Շողիկ Գալստյան